пятница, 26 августа 2011 г.

Թող իշխանությունները չխոսեն քաղաքական կամքից. Գ. Եղիազարյան

«Էթիկայի խախտումն այն է, որ երկխոսության ընթացքում իշխանությունը սադրանքի է գնում, և մեր երիտասարդներին ծուղակն են գցում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով այն ձևակերպումներին, թե երկխոսությունն առկախելը ՀԱԿ-ի կողմից էթիկայի խախտում էր՝ կարծիք հայտնեց ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նա նշեց, որ երկխոսությունը հնարավոր եղավ այն դեպքում, երբ չկային քաղաքական կալանավորներ, սակայն այսօր Հայաստանում քաղաքական կալանավոր կա, և հետևաբար երկխոսության ընթացքում առաջին խախտումը հենց իշխանության կողմից է կատարվել:

Հարցին, թե ինչո՞ւ հենց այն ժամանակ, երբ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխվեց, ՀԱԿ-ը դուրս չեկավ երկխոսությունից, Եղիազարյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը գնացել է երկխոսության, որովհետև երկիրը ծանրագույն վիճակի մեջ է`տնտեսական և քաղաքական ճգնաժամ, արտաքին լուրջ ճնշումներ. «Մենք ամեն ինչ արել ենք և անում ենք, որպեսզի մեր երկիրը ցնցումների չտանենք, իսկ նրանք այդ ամենը չեն հասկանում, մտածում են, որ միշտ այսպես կարող են մնալ իշխանության: Կոնգրեսը մեր երկրի համար է գնում երկխոսելու, ոչ թե իշխանությունների»:

Նկատենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, որ երկխոսությունն առկախվում է, սակայն Տիգրան Առաքելյանի ազատ արձակվելուց հետո կարող է շարունակվել իշխանությունների հետ երկխոսությունը: Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ է նպատակահարմար առկախումից հետո շարունակել նորից երկխոսել, Եղիազարյանը նշեց, որ այստեղ միակ խնդիրը Հայաստանի ապագան է, որը վտանգված է, և Կոնգրեսն ամեն ինչ անելու է, որ փրկի այս իրավիճակը:

Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ իշխանությունները չպետք է խոսեն քաղաքական կամքի մասին, քանզի քաղաքական կամք ունենում են այն դեպքում, երբ ունենում են տրամաբանություն. «Այս իշխանությունները զուրկ են տրամաբանությունից: Մենք ասում ենք Հայաստանը հայաթափվում է` կանգնեցրեք, իսկ դրա համար իշխանությունը պետք է քաղաքական կամք ունենա և մեկընդմիշտ հրաժեշտ տա մոնոպոլիստական կապիտալիզմին: Նրանք 4-5 հոգու չեն կարողանում զսպել, ի՞նչ քաղաքական կամքի մասին է խոսքը»:

Նշենք, որ մեկնաբանելով ՀԱԿ քայլը, կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել էր, թե Կոնգրեսը ցույց տվեց, որ այս պահին բավականին քաղաքական կամք չունի շարունակելու երկխոսությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.