четверг, 18 августа 2011 г.

Ապակախարդել աշխարհը

ՍԴՀԿ վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Խուրշուդյանը պատասխանեց Lragir.am-ի հարցերին:

- Ինչո՞վ է պայմանավորված ՍԴՀԿ վերլուծական կենտրոնի ստեղծումը:

- Յուրաքանչյուր կուսակցական վերլուծական կենտրոն առաջին հերթին սպասարկում է սեփական կուսակցական պահանջարկները: Մասնավորապես, ՍԴՀԿ-ի առջեւայսօր ծառացել են խնդիրներ, որոնց լուծումը կարող է տալ միմիայն վերլուծական կենտրոնը: Խոսքը գնում է ժամանակակից հնչակյան-սոցիալիստական հայեցակարգի մշակման մասին: Աշխարհում գոյություն չունի միասնական ամփոփ սոցիալիստական տեսություն:

Լավագույն դեպքում կան միայն ընդհանուր հայեցակետեր, որոնց հիման վրա ամեն մի երկրում կառուցվում է յուրահատուկ ազգային յուրահատկությամբ հագեցած, սոցիալիստական հայեցակարգ: Հնչակյան սոցիալիզմը ծնունդ է առել 120 տարի առաջ: Ու այն այսօր արմատական արդիականացման կարիք ունի: Սակայն այդ մոռեդնիզացիան պետք է կրի ոչ թե վեսթերիզացիայի` արեւմտյան մոդելների կրկնօրինակման բնույթ, այլ բխի հնչակյան ավանդական արմատներից: Ոչ պակաս կարեւոր խնդիր է նաեւ տեսական մշակման արդյունավետ մոտեցումը հանրությանը` ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների հիման վրա:

- Այսինքն` կենտրոնը զբաղվելու է զուտ չոր տեսության մշակմա՞մբ:

- Ամենեւին էլ ոչ: Արդիական պրակտիկ խնդիրներից է ընտրազանգվածի համար պայքարի մարտավարության մշակումը: Քաղաքականապես գրագետ կառուցած մարտավարության դեպքում, ծայրահեղ սոցիալական բեւեռացման եւ աղքատացման պայմաններում ընչազուրկների երկիր Հայաստանը ուղղակի դատապարտված կլինի տանել Հնչակյան սոցիալիզմի քաղաքական հաղթանակը: Ասեմ նաեւ, որ մենք չենք խորշելու աջ ճամբարի նկատմամբ քաղաքական-գաղափարկան ինտերվենցիաներ կատարելու մոդելավորումից, այնտեղի ընտրազանգվածին տեր կանգնելու համար: Սակայն դա ավելի շատ հայացք է ապագային: Այսօր ՍԴՀԿ-ն Հայ Ազգային Կոնգրեսի շրջանակներում մղում է լրջագույն պայքար հանուն դեմոկրատիայի եւ առաջադիմության: Ու այդ պայքարում հաստատակամորեն հետամուտ է լինելու Կոնգրեսի կողմից որդեգրված միասնական ռազմավարությանը եւ մարտավարությանը: ՍԴՀԿ-ի շնորհիվ ստացված քվեները, բնական է, դրվելու են Կոնգրեսի ընդհանուր գանձատուփի մեջ:

- Իսկ ձեր ղեկավարած կենտրոնն ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերելու Հայ Ազգային Կոնգրեսի, նրա քաղաքական պայքարի հանդեպ:

- Կենտրոնը կուսակցական կառույց է, իսկ ՍԴՀԿ-ն Հայ Ազգային Կոնգրեսի առաջին չորս հենասյուներից է: Բնական է, որ Կենտրոնում պատրաստվելու են վերլուծություններ, որոնք լուսաբանելու են այսօրվա քաղաքական պայքարը, կատարվելու են իրավիճակային ու հեռանկարային հետազոտություններ: Մեկ վերլուծություն արդեն իսկ պատրաստ է, եւ առաջիկայում կհրատարակենք այն: Ի տարբերություն մյուս բոլոր կենտրոնների պրոդուկցիայի, այն վերաբերվում է ոչ թե քաղաքական իրավիճակին, այլ` հասարակությունում տիրող հոգեվիճակին:

- Այս ամենից բացի, Կենտրոնը գործունեության այլ ուղղություններ ունենալո՞ւ է:

- Այսօր արդի վերլուծական կենտրոնների աշխատանքների ուղղությունները բավականաչափ նույնացված են ու նմանատիպ: Որպես կարեւոր ուղղություններից մեկը կուզեմ նշել ՍԴՀԿ համար ծրագրային նշանակություն ունեցող Հայ դատը եւ հայ-թուրքական հարաբերությունները: Սակայն կա մի ուղղություն, որը կարծես մնացել է մյուս կենտրոնների ուշադրությունից դուրս. դա գործող աշխարհաքաղաքական խաղացողների հասարակական-քաղաքական մտքի ուսումնասիրությունն է:

- Արդյոք ՍԴՀԿ ներքո գործելը չի ազդի վերլուծությունների օբյեկտիվության վրա:

- Գերմանացի մեծ սոցիոլոգ Մաքս Վեբերը դիպուկ նկատել է, որ քաղաքագետների մի մասը փորձում է կախարդել այս աշխարհը, իսկ մյուսը` ապակախարդել: Իմ կողմից ղեկավարվող կենտրոնը կփորձի գնալ վերջին ճանապարհով, այսինքն` տալ աշխարհի պարզ, անաչառ պատկերը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.