пятница, 26 августа 2011 г.

ՀՅԴ-Ն ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյանները ողջունում են ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի դեմարշը եւ ափսոսում, որ համահնչակյան կենտրոնը դեռ չի «բացել աչքերը»:

«Ցավալի է, երբ ավանդական կուսակցության ներսում չկա փոխհամաձայնություն, բայց ամեն ինչ իր պատճառներն ու հիմքերն ունի: Ավանդական կուսակցություններն ունեն իրենց յուրահատկությունները, եւ քանի որ դրանք ներկայացված են բազմաթիվ երկրներում, շատ հաճախ դրսի կառույցներում տեղյակ չեն լինում, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում, ինչ քաղաքական շահեր են հետապնդում իրենց քույր կառույցները, եւ արդյոք ծառայո՞ւմ են այն նպատակին, որի համար ստեղծվել է կուսակցությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտնի հայտարարությանը, որում բավականին սուր գնահատականներ էին տրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը, ասաց մեկ այլ ավանդական կուսակցության՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ տակավին վերջերս ներկուսակցական ճգնաժամ ապրեցին նաեւ հնչակյանները, ինչի արդյունքում հայաստանյան եւ հնչակյան կուսակցությունների թիվն ավելացավ եւս մեկով, իսկ մեկ այլ ավանդական՝ ՀՌԱԿ-ը, ինտրիգների հերթական ցիկլի մեջ է: Ըստ տիկին Սարգսյանի, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը եւ դրան հետեւած հայաստանյան դաշնակցականների լռությունը կամ կցկտուր արձագանքները եւս մեկ անգամ փաստում են, որ Արեւմտյան Ամերիկայի դաշնակցականները հետապնդում են այլ նպատակ, հայաստանյան դաշնակցականները՝ այլ: 

«Եթե Հայաստանում հնչակյան կառույցն ուղիղ ազգային նպատակներով կանգնած է ժողովրդի կողքին՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու համար, ապա ՀՅԴ հայաստանյան կառույցը մշտապես եղել է իշխանության հետ համագործակցության կամ իշխանության մեջ՝ ընդդիմության իմիտացիա ստեղծելով: Հայաստանյան դաշնակցականները ունեն բիզնեսներ, անձնական շահեր՝ ՀՅԴ իրական շահերից դուրս: Մինչդեռ, լինելով հայաստանակենտրոն, դաշնակցականները մեծ հնարավորություններ ունեին իրապես ազգին ծառայելու, հնարավորություն տալու կուսակցությանը ծավալվելու եւ ազգային շահերով առաջ գնալու, բայց նրանք օգտվեցին մեկ այլ հնարավորությունից՝ հարստանալ՝ ծառայելով ինչ-որ իշխանիկների: Արեւմտյան Ամերիկայի կառույցում հասկացել են դա»,- ասում է տիկին Սարգսյանը՝ ողջունելով նման դեմարշը եւ նկատելով, որ դա կարող էր եւ պետք էր, որ ավելի վաղ եղած լիներ՝ 2008-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո. «Բայց, հավանաբար, իրենց ժամանակ էր պետք, որպեսզի հասկանային, որ իշխանությունը բռնազավթած մարդիկ իրականում ինչ նպատակ են հետապնդում, եւ Դաշնակցությունն ինչ դերակատարում ունի այդ նպատակներում»: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Ես, իհարկե, ուրախ կլինեի, որ այդ հայտարարությունը հնչեր համահնչակյան կենտրոնական վարչության կողմից, բայց ՀՅԴ հայաստանյան կառույցի նման՝ համահնչակյան ԿՎ որոշ ներկայացուցիչներ իրենց նեղ անձնական շահերով են առաջնորդվում՝ ետին պլան մղելով կուսակցական եւ ազգային շահերը: Ինչեւէ, մենք կարողանում ենք մեր կուսակցության դեմքը պահպանել եւ հետամուտ լինել կուսակցական նպատակներին»: 

ՍԴՀԿ ատենապետն այս «դաշնակցական խաղերից» պառակտման հոտ է առնում եւ գտնում է, որ այս ամենը լրջագույն հարված կլինի այդ կուսակցության համար. «Հայաստանում գործող Դաշնակցական Բյուրոն վարկաբեկել է իրեն, եւ դա հասկացել են նաեւ Սփյուռքում: Բացահայտ ճշմարտությունները երեք տարի անց վերջապես սկսել են տեսնել: Հայաստանյան դաշնակցականները դա չեն ուզում տեսնել, որովհետեւ չի բխում իրենց շահերից: Հիմա կուսակցության դեմքը պահելու խնդիր կա, եւ Սփյուռքը փորձելու է ինչ-որ ձեւով մաքրվել հայաստանյան կառույցից եւ բարձրաձայն ասել, որ իրենց նպատակներն ազգային են: Այդ ճաշկերույթը չընդունելով՝ նրանք բացահայտ ասում են՝ սա իշխանություն է, որն ազգադավ է, որի հետ մենք չենք ուզում գործ ունենալ: Ես ողջունում եմ Դաշնակցության ներսում այս առողջացման գործընթացը»:

Լյուդմիլա Սարգսյանը համամիտ չէ, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանում Դաշնակցությունն իր կայուն ընտրազանգվածն ունեցել է, եւ «Առավոտի» հարցին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս միջադեպը ու դրա հնարավոր հետագա զարգացումները ի՞նչ հետք կթողնեն կուսակցության պատմության մեջ, ասաց. «Իշխանությունը նախընտրել էր ի դեմս Դաշնակցության՝ ունենալ «ընդդիմություն»: Ես այն կարծիքին չեմ, որ Դաշնակցությունը 10 տոկոս ձայն էր հավաքել, ինչպես նաեւ ՕԵԿ-ը: Վստահ եմ, որ առաջիկա արտահերթ ընտրություններում նրանք որեւէ շանս չունեն խորհրդարանում հայտնվելու»: Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ, այսպես թե այնպես, առաջիկա ընտրությունները լինելու են արտահերթ, միայն՝ «ցանկալի է, որ նախ՝ նախագահական»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.