понедельник, 20 февраля 2012 г.

ՍԴՀԿ. «Մեծ ընտանիքում» պատերազմը շարունակվում է

Lyudmila Sargsyan (13)Երկու օր առաջ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանն է ուղարկել «ՍԴՀԿ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ատենապետի մասին տեղեկությունները գրանցվել են» բովանդակության մի գրություն, որում նշված է, որ կուսակցության նոր ատենապետ է նշանակվել Գևորգ Պերկուպերկյանը»: Ի դեպ, վերջինս պետռեգիստրում գրանցվելու նպատակով յուրայինների հետ երկար տարիներ փորձում էր ՍԴՀԿ գործող ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից վերցնել կուսակցության ատենապետությունը և կուսակցության խորհրդանիշերը: «Հայացք»-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց, որ անօրենությունը կանխելու նպատակով իրենք արդեն նամակ են ուղարկել արդարադատության նախարարություն: Հիշեցնենք, որ 2010 թ. 124-ամյա կուսակցության մի թևը դատարանում վիճարկում էր Լյուդմիլա Սարգսյանի 2004 թվականի ատենապետության հարցը և փորձում էր դատարանի միջոցով ստանալ կուսակցության կնիքը:

ՍԴՀԿ առանցքային դեմք համարվող կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի նպատակն էր ՍԴՀԿ-ն «պոկել» Հայ ազգային կոնգրեսից, ուստի ամեն ինչ անում էր, որպեսզի վճիռը կայացվի հօգուտ նոր հնչակյանների: Ո՞րն էր Սեդրակ Աճեմյանի գործադրած ջանքերի նպատակը: Լյուդմիլա Սարգսյանի փոխանցմամբ` քաղաքականությունից հեռու գտնվող Ս.Աճեմյանը կուսակցության հեղինակությունը զոհաբերում է Հանքավանում կառուցվող իր հանգստյան գոտու շինարարության համար: «Այս հարցում մեծ է ՀՀ վարչապետի դերակատարությունը, քանի որ հենց նա է Ս. Աճեմյանի «կրիշը», մինչդեռ ՀՀ օրենսդրությունն արգելում է վարչական լծակներն օգտագրծել որևէ կուսակցություն պառակտելու համար: Փաստորեն վարչապետը դրանով պարտադրում է մեր կուսակցությանը դուրս գալ ՀԱԿ-ից»: Լյուդմիլա Սարգսյանի հավաստմամբ` հակառակ թևի քայլերն ուղղված են իր անձի դեմ, այդ մասին տեղյակ են նաև պետռեգիստրում: «Գիտեմ, այս ամենը Վահան Շիրխանյանի ձեռքի գործն է, նա տակից գործող ական է, միշտ էլ այդպիսին է եղել»,- ասում է Լ.Սարգսյանը:

Նա այս հարցում չբացառեց ՀԱԿ-ի արձագանքը, քանի որ նրանց շահերը համընկնում են, սակայն ասաց, որ առայժմ աջակցության կարիք չեն զգում և որ սեփական ուժերով կլուծեն իրենց խնդիրները: Նա չբացառեց նաև վերջերս ՍԴՀԿ-ի կողմից ՌԴ վարչապետ Վ. Պուտինին սատարելու մասին արված հայտարարության գործոնը:

- Ես կարծում եմ, որ իմ այդ հայտարարությունն իշխանություններին շատ է հուզել, քանի որ մենք կոնկրետ նպատակներ ունեինք, որոնց քայլ առ քայլ մոտենում էինք: Կարծում եմ` կան շահագրգիռ մարդիկ, ովքեր կցանկանային այդ հայտարարությունը ներկայացնել իրենց համախոհ կառույցի անունից, այլ ոչ թե ընդդիմադիր ուժի կողմից: Փակագծերը չեմ ուզում բացել,- ասաց ՍԴՀԿ ատենապետը:

Վերոհիշյալ հայտարարության մասին տրամաբանորեն հակառակ կարծիքի է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը, քանի որ ո՞ւմ հայտնի չէ ի սկզբանե 125-ամյա ՍԴՀԿ-ի որդեգրած ռուսամետ քաղաքականությունը, իսկ ինչ վերաբերում է Վ.Պուտինին սատարելու Լյուդմիլայի հայտարարությանը, ապա «նա կարող է հայտարարել, որ սատարում է անգամ Բեն Լադենին կամ Չան Կայ Շիին»:

- Մեկ ամիս առաջ Թեքեյան կենտրոնում հրավիրվել է կուսակցության համագումար, որին ներկա են գտնվել ընտրված պատվիրակներ: Համագումարը Գևորգ Պերկուպերկյանին միահամուռ ընտրել է կուսակցության ատենապետ: Ի դեպ, համագումարի արդյունքները հաստատվել են նոտարի կողմից, որից հետո անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել է պետռեգիստր,- ասաց հիվանդության պատճառով համագումարին չներկայացած Վահան Շիրխանյանն ու հավելեց, որ հարգարժան Սեդրակ Աճեմյանը, ի տարբերություն կուսակցությունից հեռացված Լյուդմիլա Սարգսյանի, «միշտ ընդունում է իսկական հնչակյաններին, այսինքն նրանց, ում ընդունում է Մեծ ընտանիքը»:  Գրում է «Հայացք» օրաթերթը:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.