среда, 21 сентября 2011 г.

Անկախության 20-ամյակի օրով Սերժ Սարգսյանը թքում է հասարակության վրա

Իշխանության մնալու միակ հույսը և հենարանը ոստիկանական երկրում ոստիկանությունն է, անվտանգությունը և բանակ է, որքան էլ որ նրանք պղծված լինեն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով անկախության 20-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի կողմից իրավապահ համակարգին տրված պարգևներին:

- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Հակոբի Օսիկյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Երկու տարում հնարավո՞ր է դառնալ գեներալ: Այն էլ այն դեպքում, երբ մարդն ընդամենը երկու տարի առաջ է մտել համակարգ:

- Մենք մի երկրում ենք ապրում, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Ցանկացած բան: Եթե, ասենք, տվյալ տեղակալին տային գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչում, էլի չպետք է զարմանայինք: Հասկանո՞ւմ եք, այնքան է որակազրկվել գեներալի կոչումը, որ մարդու զարմանքը էլ չի գալիս: Հիշում եմ, որ ոչ այնքան հեռու անցյալում Հայաստանում գեներալներին կարելի էր մատների վրա հաշվել: Այսօր եթե շունը պոչը պտտեցնի՝ մի 4-5 նման գեներալի կդիպչի: Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկա:

- Իսկ համակարգի ներսում գործող օրենքները, կանոնադրությունը թո՞ւյլ են տալիս կարճ ժամանակահատվածում նման պարգևների արժանանալ: 

- Գեներալի կոչումը լինում է ըստ ներկայացման: Հետևաբար, դա պետք է ներկայացնողին և հրամանագիրը ստորագրողին հարցնեք: Խնդիրն այն է, որ այնքան անիմաստ են դարձել այդ կոչումները, որ այս դեպքում դրա մասին խոսելն էլ եմ անիմաստ համարում: Սովետական միլիցիայի ծնունդից մինչև մեր անկախության ոստիկանության ամբողջ ժամանակահատվածը վերցրած՝ իմ հիշողության մեջ չի գրանցվել մի դեպք, որ վարչության պետ ձերբակալվի: Էլ չեմ խոսում մեղադրանքների ծանրություն մասին: Վերջին մեկ տարվա ընթացքում խայտառակ հոդվածներով ձերբակալեցին քրեական վարչության պետին և պետավտոտեսչության վարչության պետին: Այդ համակարգում ոչ թե պետք է գեներալի կոչումներ շռայլել, այլ պետք է հիմնահատակ քանդել ու նորից հավաքել ամբողջ համակարգը, որովհետև, ինչպես փաստերն են ցույց տալիս, ամեն տեղամասային տեսուչի մի գեներալ, մի գնդապետ է հասնում ձերբակալված: Նման պարագաներում շռայլել գեներալի կոչումը ուղակի արհամարհանք է հասարակության հանդեպ: Տեսեք՝ մենք ունենք մի համակարգ, որտեղ թևածում է վայրագ կաշառակերությունը և պետական ունեցվածքի հափշտակությունը: Ես ցանկանում եմ շեշտել, որ Մարգար Օհանյանին ամենամեղմն եմ մոտենում այս խնդրում, որովհետև դուք պատկերացնում եք մի մարդու որը, ըստ իրենց հրապարակման, միայն 400 մեքենաների լվացման պարագայում հասարակությունից հափշտակվել է 31 միլիոն 200 հազար դրամ: Լավ, վիրտուալ պատկերացնենք, որ այդ գումարը հափշտակել է ավտոտեսչության վարչության պետը: Բա նախարարը այդ ժամանակ ինչո՞վ էր զբաղված: Չէ՞ որ, բացի դրանից, կան, ինչպես իրենք են ասում՝ կեղծ արձանագրություններ: Այսինքն՝ այդ մարդկանց տուգանել են և գրպանել են գումարը: Բայց այդտեղ կա այդ 400 մեքենաների սպասարկումը: Այդտեղ կա վառելիք: Ուրեմն, եթե մեքենաների լվացման գումարից շորթում են, ինչ վառելիքից պետք է խնայեին: Այսինքն՝ կոպիտ հաշվարկներով, հենց իրենց տված տվյալներով, կարելի է պարզ մի եզրահանգման գալ, որ միայն ավտոպետտեսչության գծով հասարակությանը մինիմումը պատճառել են ամսական 2-3 միլիոն դոլարի վնաս: Մինիմումը՝ 2 միլիոն դոլար: Բա եթե միայն մի ստորաբաժանումը իրեն թույլ է տալիս միլիոնավոր դոլարներ աշխատել, բա այդ նախարարը կապ չունի՞ դրա հետ, որ վերցել ու մենակ Մարգար Օհանյանին եք խուցը մտցրել: Ամենափոքր մեղքը այս ամեն ինչում նա ունի: Եթե դուք ասում եք, որ քրեական վարչության պետը սպանության փորձի համար 300 հազար դոլար է գրպանել, բա էդ նախարարը ոչ մի կապ չունի՞ այդ ամեն ինչի հետ: Բա այդ համակարգը, որտեղ այդ լկտիությունն է տեղի ունենում, որտեղ ասում են՝ էրեկ սրան սպանեցին, էրեկ չէ առաջին օրը նրան սպանեցին: Մեկը ասում ա՝ պատուհանից ընկավ, մյուսը ասում ա՝ գնաց տունը մահացավ: Բա այս պարագաներում նման կոչումների շնորհումը ուղղակի արհամարհանք է, թքել է նշանակում հասարակության վրա, մարդկանց կարծիքի վրա: Այս հրամանագրով դա է շեշտված, որ մենք եկել ենք, ձեր երկիրը գրավել ենք և ինչ ցանկանանք՝ կանենք:

- Այս ամենը Սերժ Սարգսյանի սխալի՞ արդյունք է, թե՞ պատճառները այլ տեղ պետք է փնտրել: 

- Մի բանում է սխալվել Սերժ Սարգսյանը, որ համակարգը նման վիճակին հասցնելու համար պետք է նաև նախարարին բանակի գեներալի կոչում ևս շնորհեր: Այ, դա կլիներ տեղին և հասկանալի, որպեսզի մենք լրիվ հասկանայինք, թե որտեղ ենք ապրում, որովհետև մարդիկ կան դեռ, որ կասկածում են, թե իրենք որտեղ են ապրում: Չնայած դա փոքրամասնություն է: Մենք ունենք պանծալի օպերատիվ աշխատողներ, պանծալի ծառայության աշխատողներ, որոնք թոշակի են գնացել փոխգնդապետի, գնդապետի կոչումով: Սա նաև արհամարհանք է դեպի այդ մարդիկ, որոնք ապրում են այսօր խղճուկ թոշակով, որով մարդը չի կարող գոյատևել: Եվ այդ պանծալի մարդիկ այսօր մի կտոր հացի կարոտ են: Իսկ սրանք, ինչպես երևում է, այս պաշտոնները և պետական ստանդարտները իրենց հոր տնից են բերել ու բաժանում են մեկմեկու: Նման պայմաններում այդ երկու տարվա նորելուկը, ինչո՞ւ չէ, կստանա գեներալի կոչում: Այնպես որ, երիցս ապրեն սրանք, որովհետև ապրում ենք, ցավոք սրտի, սրանց բռնապետության պայմաններում:

- Ինչի՞ց է այս ամենը գալիս: 

-Այս ամենը բռնապետությունների շարքից է: Վերցրեք հարավաֆրիկյան կամ հարավամերիկյան, աֆրիկյան բռնապետերի ցուցակը և կտեսնեք, թե ինչ հաջորդականությամբ և ինչ արագությամբ են տարբեր բնույթի ու կերպարի գործընկերներ գեներալի կոչումներ ստանում: Համեմատեք, ու ձեզ կթվա, որ դուք կամ Աֆրիկայում եք, կամ Հարվային Ամերիկայում: Ավելին ասեմ՝ իշխանության մնալու միակ հույսը և հենարանը ոստիկանական երկրում ոստիկանությունն է, անվտանգությունը և բանակը, որքան էլ որ նրանք պղծված լինեն:

Ի դեպ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգևատրվել նաև ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Միքայելի Աֆյանը, ոստիկանության կադրերի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Պարգևի Մինասյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Հրաչի Պողոսյանը, ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը: Իսկ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ, գլխավոր ֆինանսիստ Արա Սերգեյի Ասլիկյանը, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Գրիգորի Ասրիյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, գլխավոր աուդիտոր, ոստիկանության գնդապետ Հուսիկ Գառնիկի Գևորգյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Կառլոսի Դուրյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Հովհաննեսի Համբարյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Ալավերդու Մանուկյանը:

1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.