суббота, 3 сентября 2011 г.

Սփյուռքի գոյատևման ուղիների ու փակուղիների շուրջ

Յուրաքանչյուր սոցիալական օրգանիզմի կենսունակությունը պայմանավորվում է այն արժեհամակարգով, որով առաջնորդվում է: Որքան գործառութային են դավանած արժեքները, այնքան կայուն ու երկարատև է սոցիալական օրգանիզմի գոյատևումը:

Հայ սփյուռքը պատկանում է հենց այն տեսակի սոցիալական օրգանիզմների թվին, որոնց առավելապես բնորոշ է վերոհիշյալ օրինաչափությունը: Բազմաթիվ արժեքների շարքում, որոնց ապավինում է սփյուռքահայությունը, կարևորագույն տեղ է գրավում հայրենասիրությունը: Այն խորը և բազմաշերտ զգացում է, որը տրված է մարդուն ի բնե և ի սկզբանե ծրագրավորված է նրա գեներում:

Բնականոն գոյատևման համար մարդը պիտի ունենա որոշակի կենսատարածք, որը նրա կայուն ու բարգավաճ կյանքի հիմնքն է: Տարածազրկությունը անբնական վիճակ է մարդու համար`հղի ամենաաղետալի հոգեֆիզիկական խեղումներով, ընդհուպ մինչև կործանում:

Ժամանակակից հայ սփյուռքը արդյունք է արևմտահայերին պատմականորեն պատկանող ընդարձակ կենսատարածքից, բնական օրրանից բռնի արտաքսմանը, որը զուգակցվում էր ցեղասպանությամբ: Ցեղակործանումից փրկված և աշխարհի տարբեր մասերում ապաստանած հայերի համար իրական հայրենիքը` Արևմտյան Հայաստանը, վերածվեց պատմական հիշողության: Պատմական հուշ դարձած հայրենիքի կերպարը մշտապես վառ պահելը սփյուռքահայերի արժեհամակարգի հիմնասյուներից է, իսկ կորսյալ հայրենիքի վերադարձը, Հայ Դատ անվանման ներքո, դարձավ ողջ սփյուռքի մղումների ու ձգտումների նշանակետը, ինչի միջանկյալ հանգրվանն է ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Այսպիսով, ժամանակակից սփյուռքի հայրենասիրության ողջ էներգետիկան ուղղված է դեպ անցյալ, դեպի հիշողություն դարձած պատմական հայրենիքը, որի հողի վրա արդեն վաղուց չի ապրում հայը, չի կերտվում հայ մշակույթը, չեն գործում հայ ավանդույթները, այսինքն չի վերարտադրվում հայկականությունը`նյութական հայրենիքի հոգևոր վերնաշենը:

Բավարա՞ր է արդյոք սփյուռքի ինքնապահպանման համար նման տեսակի հայրենասիրությունը: Սփյուռքահայության արդի հոգեվիճակի անաչառ ուսումնասիրությունը հաստատում է, որ միայն պատմական հիշողության վրա կառուցած հայրենասիրությունը չի կարող չեզոքացնել ձուլման վտանգը: Հարկավոր է նոր դոմինանտ, որը փոխլրացնելով ավանդական հայրենասիրությանը, կդառնա ամուր պատնեշ:

Նման դոմինանտ կարող է հանդիսանալ նվիրումը Հայաստանի Հանրապետությանը, հայոց նորագույն պետականությանը: Սակայն առկա է երկու գործոն, որոնք խոչնդոտում են նման զգացումի ձևավորմանը: 

Առաջինը սփյուռքահայի «ավանդական» վերաբերմունքն է ՀՀ- ի նկատմամբ: Ելնելով այն իրողությունից, որ այսօրվա Հայաստանը հայոց պատմական հայրենիքի փոքրագույն մասն է, արևմտահայի ժառանգը չի ընդունում ՀՀ որպես լիարժեք հայրենիք և վերաբերվում է վերջինիս մնացորդային սկզբունքով՝ իր նվիրումն առաքելով գերակշռապես պատմական հիշողություն դարձած Արևմտյան Հայաստանին:

Երկրորդը այսօրվա ՀՀ նկարագիրն է: Ինչպե՞ս կարելի է հայրենիք համարել մի երկիր, որտեղ. 

1. Իշխում է հանցավոր օլիգարխիկ-կլանային համակարգ, որը հանգեցրեց ազգաբնակչության սարսափելի բևեռացման, աղքատացման և դրանից բխող արտագաղթի.

2. Գիտակցաբար խաթարվում են ավանդական ազգային արժեքները`լեզուն, եկեղեցին, ընտանիքը, մշակույթը.

3. Պատրաստ են ոչ միայն ուրանալու ցեղասպանությունը, այլև հանձնելու Արցախը.

4. Հայը զրկված է իրեն բնորոշ ազգային արժանապատվությունից և հավասարեցված է Օսմանյան Թուքիայի իրավազուրկ “ռայայի” ստորնագույն կարգավիճակի:

Նման Հայաստան սիրելը շատ ու շատ դժվար է, և սույն իրավիճակը սրբագրելու համար բավականին մեծ ներուժ ունեն սփյուռքահայ կուսակցությունները: Վերջիններս, գիտակցելով պետականության առկայության կարևորագույն դերը սփյուռքի ինքնապահպանման համար, ընտրելով իրական, այլ ոչ թե իմիտացիոն հայաստանակենտրոն քաղաքականություն, կարող են կոտրել սփյուռքահայի մոտ առաջացած “մնացորդային սկզբունքի” կարծրատիպը և նրան դաստիարակել ՀՀ նկատմամբ պետականապաշտության ոգով: Ավելին, պարզ գիտակցելով նաև, որ ներկայիս Հայաստանում տիրող կարգերը սփյուռքահայերին վանում են Մայր-հայրենիքից՝ կուսակցությունները կարող են նպաստել մեր երկրում ստեղծված կացության փոփոխությանը, աջակցելով 2007թ. առաջացած հուժկու համաժողովրդական շարժմանը՝ հանուն նոր, ժողովրդավար, առաջադեմ Հայաստանի:

Ավաղ, այդ բանը տեղի չունեցավ: Ի՞նչն էր պատճառը: Խնդիրն ուսումնասիրենք առարկայորեն։ ՍԴՀԿ համաշխարհային կառույցը բառի բուն, ընդգրկուն իմաստով քաղաքական կուսակցություն չէ, քանզի չի մղում քաղաքական պայքար:Հայաստանում իշխանությանը «ծառայություն» մատուցելով՝ սահմանափակում է իր գործունեությունը ի վնաս սփյուռքահայության և ի շահ բացառապես կուսակցության վերնախավի ինքնապահպանման. ինքնավերարտադրումը դարձել է նպատակ և միաժամանակ՝ ապրուստի միջոց: Արդյունքում՝ կուսակցությունը մինչ օրս ղեկավարվում է 1887թ. հնամաշ ծրագրով, առայսօր չունի ոչ սոցիալ-դեմոկրատիզմի, ոչ էլ Հայ Դատի հայեցակարգեր, չի կարողացել միջազգայնացվել և ընդգրկվել նույնիսկ Սոցինտերնի շարքերը: Հնամենի, չարդիականացված գաղափարախոսությունը թույլ չի տալիս ընդլայնվելու, իսկ շարքերը, ընդհակառակը ,սփյուռքում օրեցօր նվազում են: Ներկուսակցական իշխանական բուրգի գագաթում միջակ կարգի օլիգարխիկի հայտնվելը ազդարարեց ՍԴՀԿ ի համաշխարհային կառույցի նահանջը գաղափարապաշտությունից դեպի նյութապաշտություն: Կուսակցությունը դարձավ յուրատեսակ բիզնես-նախագիծ և բիզնես-կառույցի տեսանկյունից սկսեց դիտարկել բոլոր երևույթները, այդ թվում և՝ ՀՀ- ում:

Ղեկավարվելով շահասիրությամբ, այլ ոչ թե հայրենասիրությամբ, ՍԴՀԿ համաշխարհային կառույցի ղեկավարությունը գործարք կնքեց ՀՀ քրեածին իշխանությունների հետ, երաշխիքներ ստացավ երկրում բիզնես-նախագծեր իրականացնելու համար ու, որպես վարձահատուցում, սկսեց փնովել, անվանարկել ընդդիմադիր ՀԱԿ-ը և նրա կազմի մեջ մտնող ՍԴՀԿ հայաստանյան կառույցը: Քաղաքական պատվիրատուի կոշտ ճնշմամբ փորձ արվեց փոխել վերոհիշյալ կառույցի ատենապետին, թեպետ նույն ատենապետի ղեկավարած կառույցի գործունեությունը ՍԴՀԿ 19-րդ համագումարում պաշտոնապես, բանաձևային տեսքով գնահատված էր որպես հայրենական կյանքի ամրաշեն միավոր: Չկարողանալով լուծել ատենապետի խնդիրը, շարունակելով անսկզբունքային պատվեր կատարողի ուղեգիծը, Հնչակյան համաշխարհային կառույցի «վերնախավը» դիմեց ինքնասպան քայլի՝ դե յուրե պառակտեց հայաստանյան կառույցը, դրանով իսկ արձանագրելով սեփական գաղափարական-քաղաքական սնանկությունը:

Սա այն չափազանց վտանգավոր փակուղին էր, որից դուրս չգալ՝ նշանակում է կուսակցության արագ ինքնաոչնչացում:

Ինչպես կարելի է խուսափել նման կործանարար իրավիճակից:

1.Միջազգային Հնչակյանությունը պետք է քաջություն ունենա ժամ առաջ ազատվելու փտախտով տառապող «ընտրանուց»:

2.Անվերապահորեն պետք է սկսվեն աշխատանքները նոր ծրագրի, սոցիալ-դեմոկրատիզմի և Հայ Դատի ժամանակակից հայեցակարգերի մշակման ուղղությամբ :

3.Համաշխարհային կառույցը պետք է գործնականում դառնա հայաստանակենտրոն, իսկ ՀՀ -ի կառույցը` այդ հայաստանակենտրոնության առանցքը:

4.Անթույլատրելի է, որ հայ իրականության մեջ մայր-կուսակցությունն անմասն է մնում Հայրենիքում իշխանափոխության գործընթացներին: Սերունդներն այդ պահվածքը երբեք չեն ների:

Դժվարությամբ ծնունդ առնող նոր, ժողովրդավար Հայաստանը միջազգային ասպարեզում քաղաքականության անբան օբյեկտից կվերածվի լիիրավ սուբյեկտի, անկասկած իրական կդարձնի պատմական Հայրենիքի վերադարձի հեռանկարը: Իր հերթին թարմ ուժ ու նպատակադրումներ կտա Հնչակյան համաշխարհային կառույցին, կկենդանացնի ու կերիտասարդացնի այն, դրանով իսկ փրկելով քաղաքական մահից, քանզի Մայր- հայրենիքն ու Սփյուռքը հաղորդակից անոթներ են: Սա՛ է ՍԴՀԿ -ի միակ անխափան, ճշմարիտ ուղին:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.