понедельник, 5 сентября 2011 г.

WikiLeaks-ի փաստերով պետք է անհապաղ քրեական գործեր հարուցվեն

«Այս հրապարակումները ցույց են տալիս, թե ինչ վիճակի մեջ է գտնվում նույն իշխանական վերնախավը` ահաբեկված, վախեցած սեփական կյանքի համար: Եթե սրանք են այսպես ահաբեկված և մտածում են, որ կգա մարդասպանը իրենց հետևից, ապա ինչ վիճակի մեջ է միջին ՀՀ քաղաքացին: Կարող ենք ենթադրել, որ ընդհանրապես մարդու կյանքը ոչ մի արժեք այսօր չունի, մարդն այս երկրում պաշտպանված չէ և հենց սա ի նկատի ունենք, երբ ասում ենք ավազակապետություն, բռնապետություն և սրիկայություն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով WikiLeaks-ի վերջին հրապարակմանը, կարծիք հայտնեց Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ այս ամենը հաշվի առնելով է Հայ ազգային կոնգրեսն ասում, որ պետք է շատ արագ գնանք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների, քանզի մեր երկիրը կործանվում է, գտնվում է անդունդի եզրին, և այս վիճակից միակ փրկությունը ժամ առաջ այս իշխանություններից ձերբազատվելն է:

Նկատենք, որ WikiLeaks-ի վերջին հրապարակումներում հետաքրքրական փաստեր են նշվում այն մասին, թե ինչպես են իշխանական վերնախավի ներկայացուցիչները, մասնավորապես` ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը և ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը ամերիկյան դիվանագետ Ջոզեֆ Փենինգթոնին պատմել ներիշխանական դեպքերի մասին` կապված 2008թ. մարտի 1-ից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ հետ(http://1in.am/arm/armenia_politics_32089.html ևhttp://1in.am/arm/armenia_politics_32115.html):

Եղիազարյանը նկատեց, որ այս հրապարակումներով պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի, և գործի շրջանակներում նախաքննությունը պետք է պարզի նույն այդ սամվելնիկոյաններից ու մնացածներից իրողությունը: Ըստ Եղիազարյանի՝ հրապարակված մանրամասներից ելնելով կարելի է ասել, որ ստեղծված իրավիճակում միայն Վալերի Պողոսյանն է, որ իրեն քաղաքացուն վայել է պահել, վայել այն մարդուն, որն արժևորում է իր հայրենիքը:

«Ու այս պայմաններում մենք ասում ենք թե ունենք Սահմանադրական դատարան, Ազգային ժողով, պետականություն, ինչի մասին է խոսքը, երբ ՍԴ դատավորը` անձեռնմխելի անձը, սեփական երկրում պաշտպանված չէ: Խոսում ենք դատական համակարգի անկախության մասին, այս հրապարակումները ձեզ ապացույց, որ եթե ՍԴ անդամները գտնվում են մարդասպանի ազդեցության տակ, էլ ի՞նչ արդար դատարանի մասին է խոսքը և այստեղից պարզ է նաև, Մարտի 1-ի գործերով քաղկալանավորների դատավարությունների ընթացքը»,- նկատեց Եղիազարյանը:

ՍԴՀԿ անդամի խոսքերով, եթե այս իշխանությունները պատրաստ են Սահմանադրական դատարանի անդամներին ոչնչացնել, ապա ինչ էր նրանցից գնում գիշերով տմարդի գնդակահարել ընդդիմադիրին հենց քաղաքի կենտրոնում: Եղիազարյանը նկատեց, որ եթե իշխանության ներկայացուցիչներն են ահաբեկված վիճակում, ապա ավելորդ է խոսել ընդդիմադիրների մասին. «Ես կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչպես են ահաբեկել ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ինչպես են ծանրագույն մարմնական վնասվածքներ հասցրել, և մարդիկ պատահաբար չեն մահացել: Այս ամենը մաֆիայի գործունեության վառ օրինակներն են»:

Խոսելով Սամվել Նիկոյանի՝ ամերիկացի դիվանագետի հետ անկեղծանալու մասին, Եղիազարյանը նկատեց, որ «այդ փոքրիկ Նիկոյանի» պահվածքը ցույց է տալիս, թե ինչ խղճուկ, ստորացված վիճակի մեջ են գտնվում իշխանության ներկայացուցիչները. «Նիկոյանի հետագա պահվածքը ևս թելադրված էր այդ ահաբեկչություններով, երբ որ նա, լինելով Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, երբ նա չուներ աչքեր, ականջներ, երբ նա իրեն դնում էր հիմարի տեղ և արեց ամեն ինչ սեփական կաշին փրկելու համար»:

Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ պետական համակարգում առկա կոռուպցիան զուգորդվում է նաև «քիլերներով». «Նրանց գլխին քիլերներ են կանգնած, որոնք դրդում են այս թուլամորթներին հանցագործության, ու հենց այս պատճառով մինչ օրս Մարտի 1-ը բացահայտված չէ»:

ՀԱԿ անդամի գնահատմամբ՝ ղարաբաղյան կլանի «դամոկլյան ատրճանակը» կախված է հենց իշխանության ներկայացուցիչների գլխին և հետո նաև ամբողջ ժողովրդի:

Ինչ վերաբերում է 2008թ.-ին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առկա դիրքորոշումների տարբերությանը, ինչի մասին հղում կատարելով Սամվել Նիկոյանին, գրում է WikLeaks-ը, Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Եթե Սերժ Սարգսյանն ուներ դիրքորոշում, ապա այդ դիրքորոշման տրամաբանական ավարտը հրաժարականն էր»:

Գուրգեն Եղիազարյանը նաև կոչ արեց մասնակցել սեպտեմբերի 9-ի հանրահավաքին՝ խոստանալով, որ այնտեղ ևս հետաքրքիր և նոր բացահայտումներ են լինելու:

1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.