вторник, 13 сентября 2011 г.

Իշխանությունն է թեժացնում մթնոլորտը

Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

- WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկը վերաբերվում էր Հայ Ազգային Կոնգրեսի ներքին հարաբերություններին: Ըստ այդ փաստաթղթի` Կոնգրեսի անդամ կուսակցություններից ՍԴՀԿ-ն հակասություններ ունի Կոնգրեսի ղեկավարության հետ` հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Ինչպես կմեկնաբանեք այդ փաստը:

- Մենք Կոնգրեսի հետ որեւէ հակասություն չունենք ներքաղաքական հարցերի շուրջ: Այսօր մեր առաջնային խնդիրը երկրում իրավիճակ փոխելն է, արտահերթ ընտրությունների անցկացումն ու օրինական իշխանության ձեւավորումը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարցերին, մենք` Հնչակյաններով ունենք մեր առանձին մոտեցումը, որը մշտապես արտահայտել ենք:

Դա ոչ թե հակասություն է, այլ` մոտեցման տարբերություն: Բայց եկեք չմոռանանք` դեռ Հայ Ազգային Կոնգրեսն իշխանություն չի, որ հայ-թուրքական հարաբերությունների մասով Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները լինեն վերջնական ու մենք էլ պարտադրված լինենք այդ մոտեցման հետ չհամաձայնվելու: Կոնգրեսում կան տարբեր կարծիքներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ու մեզանից յուրաքանչյուրն ազատ է իր տեսակետներն արտահայտելու հարցում: Մենք մեր տեսակետն ազատորեն հայտնել ենք, բայց դա չի նշանակում, որ մենք Կոնգրեսի հետ մնացած հարցերի հետ կապված ունենք հակասություններ: 

- Իսկ ընդհանրապես, WikiLeaks-ի այս բացահայտումներն ինչ են նշանակում:

- Իմ կարծիքով` հավանաբար եկել է ժամանակը, որ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվի այն ամենը, ինչ մինչ այսօր գաղտնի էր պահվում: Հավանաբար, WikiLeaks-ի թիկունքում կանգնած ուժերն էլ են հասկանում, որ Հայաստանում ուղղակի անհրաժեշտ են բարեփոխումները: Եվ հավանաբար այդ նկատառումներից ելնելով ներկայացնում են Հայաստանում տիրող իրավիճակն ու բացահայտում 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերը: Այդ բոլոր փաստերը մեզ հայտնի էին ի սկզբանե, մենք շատ լավ հասկանում էինք, որ այդ փաստերի մասին տեղյակ են եւ գերտերությունները, եւ միջազգային կազմակերպությունները: Սակայն ակնհայտ է, որ իրենց շահերից ելնելով նրանք լռում էին: Հիմա ակնհայտ է, որ այն երկրները, որոնք իմանալով այս ամենը, լռում էին, մեր երկրում ժողովրդավարության հաստատմանը նպաստելու որեւէ ցանկություն չունեն ու առաջնորդվում են իրենց պետության գերշահերով: Ուստի` պետք է հստակ հետեւություն անել, որ մեր երկրի խնդիրները միայն մեզ են վերաբերվում, եւ բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք` ժողովրդի հետ միասին` հաշվի չառնելով տարբեր երկրների կողմից մեզ պարտադրվող կարծիքները:

- Կոնգրեսի վերջին հանրահավաքի ելույթները բավական հեղափոխական էին`սկսելու ենք պայքարի նոր շրջափուլ, պետք է առնվազն 500 հազար քաղաքացի հավաքվի Ազատության հրապարակում ու իշխանություններին հեռանալու համար 24 ժամ տա, որ պետք է վերականգնենք 2008թ. փետրվարյան օրերը եւ այլն: Սակայն հաջորդ հանրահավաքը նշանակված է սեպտեմբերի 23-ին: Արդյոք այսպես պարզապես ժամանակ չի ձգում Կոնգրեսը:

- Ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես կարծում եմ` Կոնգրեսը ժամանակը ճիշտ է օգտագործում: Մենք կպատրաստվենք սեպտեմբերի 23-ի հանրահավաքին: Ու եթե ժողովրդի մասնակցությունը լինի բավական բարձր, պահանջի իշխանությունների հրաժարականը, ապա իշխանափոխության համար անհրաժեշտ կլինի առնվազ 3-4 օր: Ես կարծում եմ` ժողովուրդը վաղուց արդեն հոգնել է այս իշխանություններից, հետեւաբար` ժողովուրդը փորձելու է ձեւավորել նոր իշխանություն, որի հանդեպ կունենա վստահություն եւ որի աշխատանքի արդյունքում կտեսնի ապագան Հայաստանում:

- Բայց արդյոք ժողովուրդը նաեւ ընդդիմությունից չի հոգնել, այս անորոշ վիճակից հույսները կորցրել:

- Ես կարծում եմ` ժողովուրդը ոչ թե հույսն է կորցրել, այլ` մի փոքր շատ է շտապում: Հատկապես նման քաղաքական իրավիճակներում շտապողականությունն առավել քան վտանգավոր է: Ուստի` պետք է հասունանա վիճակը, ժողովուրդը ցույց տա իր կամքն ու այդ դեպքում ամեն ինչ կգա իր տեղը: Խուճապի որեւէ առիթ չկա, վստահ եմ, որ մեր ժողովուրդն իր կամքն արտահայտելու է ու իշխանափոխությունը սարերի հետեւում չեն:

- Այսինքն` ընդդիմությունը նորից մթնոլորտ է թեժացնելու:

- Մենք չէ, որ թեժացնում ենք մթնոլորտը, այլ իշխանություններն են թեժացնում` իրենց ապազգային քաղաքականությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.