среда, 7 сентября 2011 г.

Մենք ապրում ենք մի երկրում որտեղ թքում են Սահմանադրության վրա

ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ արդար և արտահերթ ընտրությունների պարագայում Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում կունենա 80-95 տեղ: Գուրգեն Եղիազարյանը այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ իր նշած արդյունքը կլինի այն պարագայում, եթե իշխանությունները արդյունքներ նկարելու համար նկարիչներ չբերեն, եթե ընտրատեղամասերից չառևանգեն ՀԱԿ-ի վստահված անձանց, եթե Չիչիկովի ցուցակից մեռած հոգիներին քվեարկության չբերեն, եթե արտասահմանում ապրող հայաստանցիների փոխարեն չքվեարկեն:

«Այս պայմանների առկայության դեպքում խորհրդարանում կունենանք 80-95 տեղ, Լեռնիկին կուղարկենք իր չորս հեկտարի վրա աշխատելու»,- մանրամասնեց Եղիազարյանը: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ այդ դեպքում գալու և պաշտոններեն զբաղեցնելու այն մարդիկ, ովքեր 90-ականներին սեփականաշնորհում էին հողերը: «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրական դատարանի անդամը պաշտպանված չէ, մի երկրում, որտեղ սամվել նիկոյանները, լինելով իշխող կուսակցության անդամ, պաշտպանված չեն և տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատանը, որ իմացեք, կարող ա բոբոն գա՝ ինձ տանի: Եվ այս մթնոլորտում կատարվեց Մարտի մեկը, երբ զորքը սահմանադրական խախտումով մտցրեցին Երևան, թքեցին Սահմանադրության վրա, և Wikileaks-ի հրապարակումները, այդ ամենի ապացույցն են»,- Wikileaks-յան հրապարակումներին անդրադառնալով՝ ասուլիսի ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ արտասահմանյան կազմակերպությունների հրապարակումներին ինքը միանշանակորեն չի հավատում. «Ես այդ ամենի շուրջ կխորհեի, այս փոքր երկրում մենք մեզ չենք կարողանում բան ապացուցենք, ուր մնաց արտասահմանյան կառույցի հրապարակումներով կարողանանք բան ապացուցենք»: Եղիազարյանն էլ առաջարկեց քրեական գործ հարուցել և ապացուցել ճիշտ են, թե սխալ Wikileaks-ի հրապարակումներում նշված փաստերը: Նա նշեց, որ հենց ահաբեկված լինելու հանգամանքն է եղել պատճառը, որ Սամվել Նիկոյանը, լինելով Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ «ոչ գվվում էր, ոչ բվվում»: Ալեքսանյանն էլ նկատեց, որ Նիկոյանը շատ մեծ գործ է կատարել և պետք չէ թերագնահատել: Եղիազարյանն էլ արձագանքելով՝ նշեց. «Իհարկե, շատ մեծ գործ է կատարել իշխանությունների համար, Մարտի մեկը չբացահայտելու համար»: Եղիազարյանը նշեց, որ իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել հարցին, թե ինչու կատարվեց ռազմական հեղաշրջում: Ալեքսանյանն էլ նկատեց, որ զորքեր մտցնելու անհրաժեշտություն եղել է, և դրա համար էլ դրանք մտել են քաղաք: Եղիազարյանն էլ արձագանքեց, որ ոչ մեկին իրավունք տրված չէ խախտել երկրի գլխավոր օրենքը: «Երկխոսությունը կլինի, ոչ թե նրա համար, որ իշխանությունները շատ բարի են, այլ այն պատճառով, որ դա իշխանություններին անհրաժեշտ է, սոցիալ-տնտեսական այս իրավիճակից նրանք այլ ելքչունենք, այսօր որոշվում է երկրի ճակատագիրը»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը: Նա վստահություն հայտնեց, որ քաղկալանավորներ չեն լինի` Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի և երկխոսությունը կշարունակվի: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանըևս նշեց, որ երկխոսությունը կշարունակվի, քանզի դա անհրաժեշտ է հասարակությանը, իշխանությանը և հատկապես ՀԱԿ-ին, որը խորհրդարանում ներկայացված չէ և այդ կերպ կկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը: «Եթե այսօր իշխանություններին մեղադրում են մի շարք հարցերում, ապա ես համոզված եմ, որ դրանում իրենց մեղքի բաժինն ունեն նաև իրենց ընդդիմություն համարող ուժերը»,- կարծիք հայտնեց Ալեքսանյանը: ՀԱԿ-ի ներկայացրած բիզնեսով զբաղվող պատգամավորների ցուցակի մասին խոսելով՝ Ալեքսանյանը նկատեց, որ ՀՀԿ-ի ներսում էլ այդ խնդրի մասին գիտեն, սակայն դա պետք է օբյեկտիվ ձևով հիմնավորվի: Նա նշեց, որ անիմաստ է համեմատել մեծահարուստին մի քանի հեկտար հող ունեցող պատգամավորի հետ: Նա նշեց, որ ինքը համաձայն է, որ իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր ավելի ահավոր են, քան ընդդիմադիրներից շատերը: Ալեքսանյանը խորհուրդ տվեց նույն ընդդիմությանը՝ իր շարքերում առկա մեծահարուսների մասին խոսել, ովքեր իննսունականներին հարստություն են դիզել: Գուրգեն Եղիազարյանն էլ, միջամտելով, խնդրեց նշել ՀԱԿ-ի անդամ երկու հոգու անուն, ովքեր թալանով են զբաղված. «Դուք ձեր ամբողջ համակարգով ձվի մեջ մազ էիք ման գալիս, հարթակում կանգնած տղաներին վարկաբեկող բաներ էիք ման գալիս` չստացվեց: Իմ տան պատից կախած թրերն էիք ցույց տալիս հեռուստատեսությամբ ու ասում, թե իբր ես դրանցով մարդ եմ մորթել Լեոյի փողոցում, դրա փոխարեն Մարտի 1-ի մարդասպաններին բացահայտեիք: Դուք չեք կարող որևէ բան ասել հարթակին կանգնած տղաներից մեկին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներկայացրած ցուցակին, ապա եթե իրավունք չունի պատգամավորը բիզնեսով զբաղվել, ապա չպիտի զբաղվի: Ես քեզ ի նկատի չունեմ, Լեռնիկ, ես գիտեմ որ դու ունևոր տղա չես, դրա համար էլ ունևորներին պաշտպանում ես»: Լեռնիկ Ալեքսանյանն էլ՝ ի պատասխան նշեց, որ ինքը պատասխանատու մարդ է և եթե մի բան հայտարարում է, ապա դրա հիմքերը կան, այդուամենայնիվ, հրաժարվեց անուններ նշել:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.