суббота, 17 сентября 2011 г.

Համապարփակ փախուստ

Հայաստանյան հասարակությունում տիրող հոգեվիճակի շուրջ

Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործնթացի հետ զուգընթաց նկատելի է մի երևույթ, որի բացասական դերն ու հետևանքները դժվար է գերագնահատել: Յուրաքանչյուր հասարակությունում տիրող հոգեվիճակը ուղղակիորեն կախված է առկա բարոյահոգեբանական մթնոլորտից, որը իր հերթին պայմանավորված է իշխող ընտրանու կողմից կիրառվող կառավարման մոդելի առանձնահատկություններով: 

Մասնավորապես, Հայաստանում, վերջին տասնամյակում իշխանության եկած «ընտրանին», չունենալով օրգանական կապ Մայր-Հայրենիքի հետ, անհաղորդ լինելով հայ ազգի պատմա-մշակութային, էթնո-հոգեբանական արմատներին, և այդ պատճառով էլ չկարողանալով իմաստավորել ժամանակակից հայոց պետության կառավարման փիլիսոփայությունը, զինավառվեց դրսից վերցրած, մեզ համար խորապես օտար գաղափարական զենքով, որի կիրառումը ունեցավ իսկապես աղետալի հետևանքներ:

Խոսքը գնում է իշխանական ուղղահայացների մոդելի մասին, որն արդեն իսկ շուրջ 10 տարուց ավել է, ինչ կիրառվում է Ռուսաստանում և որն իր հիմքում ունի խորը արմատներ այն առումով, որ իր էությամբ և բովանդակությամբ համապատասխանում է Ռուսաստանի անցյալին, ներկային, և, ինչպես արդեն երևում է, նաև ապագային: Իշխանական ուղղահայացների մոդելը ` դասական կայսրության կառավարման մոդել է, որը կիրառելի է միմիայն կայսրությունների համար և նախատեսում է չափազանց կոշտ հիերարխիկ համակարգ իրական ազատության ու ժողովրդավարության բացարձակ բացակայությամբ: Շնորհիվ այդ մոդելի ծնկաչոք եկած Ռուսաստանը կարողացավ ոտքի կանգնել և դուրս գալ անվերջ նահանջների և պարտությունների արատավոր շրջանից: 

Սակայն ինչը ֆունկցիոնալ է և դրանով իսկ դրական մեծապետության համար, նույնչափ դիսֆունկցիոնալ է և բացասական փոքր պետության համար: Եթե ռուսաստանյան վերնախավը, վերոհիշյալ մոդելը կիրառելիս, ղեկավարվում էր ազգային ավանդույթի վրա խարիսխված ազգային շահերով, ապա հայաստանյան ընտրանին, կրկնօրինակելով մոդելը, ղեկավարվում էր բացառապես նեղ խմբային - օլիգարխիկ, անձնական շահախնդրությամբ: Արդյունքում իշխանական ուղղահայացների մոդելը մեզանում տրանսֆօրմացվեց և ընդունեց տձև իշխանիկի և նրա կլանի տիրապետության տակ գտնվող տիպիկ, փոքրիկ, արևելյան բռնակալության տեսք: 

Ծայրահեղ սոցիալական բևեռացման և աղքատացման պայմաններում երկրում ձևավորվեց անարդարության, անհուսալիության և անճարության մթնոլորտ: Վերջինս, թանձրանալով, ծնեց հասարակությունում մի հոգեվիճակ, որի անվանումն է համապարփակ փախուստ (Total escape): Փախուստի ձևերը և ուղղությունները այնքան բազմազան են, որ արժանի են հատուկ առանձին մասնագիտական ուսումնասիրության: Մենք միայն կնշենք այդ երևույթի ամենահիմնական և էական միտումները: 

Հայրենիքից փախուստի միտումը: ՀՀ ազգաբնակչության մի ստվար զանգված վերջին տարիների ընփացքում լքել է հայրենիքը: Սակայն նաև ոչ պակաս զանգված հոգեբանորեն պատրաստ է արտագաղթել: Այսօր մեզանում համատարած զարգացում է գտել վիրտուալ արտագաղթի հոգեվիճակը: Արմատավորվել է յուրահատուկ ճամպրուկային տրամադրություն: Մարդիկ ներքուստ պատրաստ են յուրաքանչյուր պահ լքել երկիրը: 

Անկախությունից փախուստի միտումը: Բռնակալությունը ձևավորեց բացասական վերաբերմունք անկախության գաղափարի նկատմամբ: Մեծ թվով մեր հայրենակիցներ կասկածի տակ են առնում հայ ժողովրդի ունակությունը ունենալ անկախ պետականություն և ապավինում են մեծ տերություններին, նրանց կազմում տեսնելով ազգի ապագան: 

Պետականությունից փախուստի միտումը: Բռնակալական բարքերի պատճառով ազգաբնակչության առանձին խմբեր, անհատներ արմատապես կտրում են կապերը պետության և նրա ինստիտուտների հետ, կամովին լուսանցքայնանում, ստեղծելով հասարակությունում պետականամերժ ներքին վտարանդիության հոգեվիճակ: Հատկապես այդ երևույթը լայն չափերի է հասել երիտասարդության շրջանում, որը ցավոտ է տանում պետական ուժային կառույցների անիրավ ռեպրեսիվ գործողություններն իր նկատմամբ: 

Փախուստ հաղթանակից: Նույնացնելով բռնակալության ճարտարապետներին և Արցախի հերոսական ժողովրդին, ՀՀ ազգաբնակչության ոչ փոքր զանգված, ավաղ, ստեղծում է տրամադրություններ, որոնց ընդհանուր կարգախոսն է «Կորչի Ղարաբաղը ղարաբաղցիների հետ միասին»: Պատերազմի շեմին գտնվող երկրի համար նման հոգեվիճակը չափազանց վտանգավոր է: Մեծ վտանգ է ներկայացնում նաև զանգվածային դարձող միտումը դիտարկել հայոց բանակը որպես քրեակատարողական գաղութ, այնտեղ տիրող կրիմինալ բարքերի և բազմաթիվ սպանությունների, ինքնասպանությունների պատճառով: Ցանկացած ճանապարհով խուսափելը բանակում ծառայելուց դարձել է հայ երիտասարդի և նրա ծնողի սովորական մտայնություն: 

Փախուստ պատմական հիշողությունից: Ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական պայմանների ներքո բռնակալական ռեժիմի փորձը ուրանալ ցեղասպանությունը, չէր կարող չգտնել արձագանք ընչազուրկների մոտ: Ամեն գնով հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ հանուն պատրանքային բարեկեցության դարձել է մի յուրահատուկ հոգեվիճակ, որը լի է անցանկալի և լիովին կանխատեսելի հետևանքներով: 

Փախուստ եկեղեցուց: Վուլգար աշխարհիկ մթնոլորտը, որը համակել է ողջ Հայ առաքելական եկեղեցին և վերջինիս սպասավորների անբարո, լկտի պահվածքը, բերեց զգալի արտահոսքի և նվիրյալների շարքերի նվազմանը: Աստվածամերժությունը դարձավ հոգեվիճակ մեր հասարակությունում: «Կյանքի գերագույն նպատակը հաճույքն է», “Որսա պահը ”, “Արա, ինչ ուզում ես” կարգախոսները դարձան ժամանակի նշանախոսքեր: Դրա հետ մեկտեղ կտրուկ ուժ ստացավ աղանդավորությունը, որով և ներմուծվեց մեզ օտար և խորթ արժեհամակարգ: 

Փախուստ մշակույթից: Ազգաբնակչությանը բթացնելու նպատակով բռնակալությունը ներարկում է զանգվածային գիտակցությունում չափազանց ցածր մշակութային նմուշներ, որոնք արդնացնում են մարդկանց մեջ միմիայն պրիմիտիվ կենսաբանական բնազդներ: Մշակույթը `իր հիմքում ընկած մարդ արարածին մեծարելու գործառնությամբ, վերածվել է ընդհակառակը` մարդուն ստորացնելու ու անասնակերպ դարձնելու հակամշակույթի: Փախուստը մշակույթից դեպի հակամշակույթ հասարակության արդի հոգեվիճակներից մեկն է: 

Փախուստ կյանքից: Այսօրվա Հայաստանում ամենից ավելին արժեզրկվել է կյանքը: Բնականոն աճել է ինքնասպանությունների թիվը: Անելանելիության մթնոլորտը զրկում է կյանքը իր նեցուկից` իմաստից: Իմաստազրկված կյանքը կամովին ինքնակասեցնելու պատրաստակամությունը, ավաղ, դառնում է հոգեվիճակ: Ցածր գնահատելով սեփական անձը, մերօրյա հայաստանցին, չի ուզում ծնունդ տալ նոր կյանքին, չտեսնելով որեևէ երաշխիք իր ապագա ժառանգի համար: Իմաստազրկված կյանքով ապրող, անսերունդ ընտանիքները անխուսափելիորեն կազմալուծվում են: Փախուստ ժառանգ ունենալուց և ընտանիքով ապրելուց դառնում է մեր ժամանակների ամենատագնապալի հոգեվիճակներից մեկը: 

Եւ այսպես, տոտալ փախուստը դարձել է հայաստանյան հասարակության հոգեվիճակի հիմնական խորհրդանիշը: Ու՞մ է ձեռնտու այդ փախուստը, մարմնի և հոգու քոչվորությունը: Փախուստի համապարփակությունը հուշում է, որ մենք գործ ունենք որոշակի ծրագրի և ծրագրավորողների հետ: Եվ եթե մի կողմ դնենք այն թեզը, որ գործող վարչապետի հայտարարությունը առ այն, որ ինչքանով փոքր լինի ՀՀ ազգաբնակչության թիվը, այնքանով վերջինս ավելի կառավարելի կլինի ` դա ուղղակի թուլամիտ միկրոցեֆալի բարբաջանք է, ապա կամա թե ակամա գալիս ենք այն միակ եզրակացությանը, որ բռնապետությունը, իհարկե առաջին հերթին հոգում է իր իշխանության անսասանության ու վերարտադրման մասին: Այնուամենայնիվ մեծ հաշվով նա կատարում է դրսից եկող գլոբալ պատվեր-ծրագիր Հայաստանը հայաթափելու ուղղությամբ, քանզի ազգային անվտանգության տարրական հիմունքները հուշում են, որ ինչքան փոքր է յուրաքանչյուր երկրի բնակչության թիվը, ինչքանով զարգացած է նրանում հոգու քոչվորությունը, այդքան այդ երկիրը խոցելի է թշնամու կողմից և գնում է ինքնավոչնչացման: Այսպիսով`, որպեսզի փրկենք մեր Հայրենիքը հայաթափությունից, անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացին վստահ լինի վաղվա օրվան: Վստահության միակ քվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, և օրինակարգ իշխանությունների ձևավորումը:

ՍԴՀԿ Վերլուծական Կենտրոն

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.