суббота, 5 ноября 2011 г.

Այսպես որ գնա, ՀՀ-ն կմնա առանց Սերժի

p3Որեւէ միտում կա՞ արդյոք, որ իշխանական վերնախավի պաշտոնանկություններն ու փոխատեղումները կարող են հասնել տուրուդմփոցի կամ փոխել քաղաքական ուժերի դասավորությունը, ինչպես ավելի վաղ կանխատեսել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ «սովորաբար Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի բան հենց այնպես չի ասում», ուստի այս անգամ էլ դեռ կլսենք պաշտոնանկների արձագանքը` միգուցեեւ տուրուդմփոցի տեսքով: «Հնարավոր չի, որ դժգոհություն չարտահայտեն այդ ուղղությամբ, գուցե դա հրապարակային չլինի: Երբ լսում ենք, թե Ալիկ Սարգսյանը ինչպես է հավատարմության երդումներ տալիս Սերժ Սարգսյանին, բոլորիս մոտ ժպիտ է առաջանում, որ կարելի է այդ աստիճան ստրկամիտ լինել:

Բայց ինչքան համառ է Ա.Սարգսյանը երդվում, որ հավատարիմ է, այնքան վստահ չեմ, որ հետագայում ինչ-որ ձեւով չի արտահայտի իր դժգոհությունը: Ես կարծում եմ, որ դա կլինի, կլինի նաեւ տուրուդմփոց, բայց մեր քաղաքական մարտավարությունը չի կառուցվում իշխանական հատվածի պաշտոնանկության գործընթացի վրա, դա մեզ համար կանխատեսելի էր, մենք ունենք մեր ուղիղ մարտավարությունը, որով առաջնորդվում ենք»,- հայտարարեց տիկին Սարգսյանը:

Հարցին, թե պաշտոնանկությունները չե՞ն բխում Հայ ազգային կոնգրեսի շահերից, ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց, որ չի բխում այնքանով, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես առաջընթաց մեր երկրի զարգացման գործում: «Այս պաշտոնանկությունները ոչինչ չեն փոխելու ժողովրդի տրամադրությունների մեջ, եւ որեւիցե առաջընթաց երկիրը չի կարող գրանցել: Ավելին, Սերժ Սարգսյանը չունի այն կադրային բազան, որով կարող է փոխարինել այդ մարդկանց եւ ավելի ամուր զգալ: Օրինակ` Նիկոյանը (ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյան- Ս.Պ.) չի կարող Հովիկ Աբրահամյան լինել Ազգային ժողովում: Ամեն մեկն այնտեղ իր կոնկրետ ֆունկցիան ունի, եւ եթե այդ ֆունկցիաներից նրան հեռացնում ես, հաստատ այդտեղ մի բան ճռռալու է»,- նկատեց Լ.Սարգսյանը` հավելելով, որ Կոնգրեսի շահերից կբխի այն, որ կամովին հրաժարական տա Սերժ Սարգսյանը, քանի որ դա է Կոնգրեսի պահանջը: Իսկ մյուսների հրաժարականները, ըստ ՍԴՀԿ ատենապետի, օժանդակ խնդիրներ են: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը նաեւ կանխատեսեց, որ առաջիկայում թերեւս հրաժարական կտան ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես նաեւ պաշտոնապես կհաստատվի ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտոնանկությունը: Այսպիսով, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, Սերժ Սարգսյանը կփորձի ազատվել ե՛ւ քոչարյանական կադրերից, ե՛ւ բոլոր նրանցից, ովքեր Մարտի 1-ի վկաներն են եղել եւ ակտիվ մասնակիցները: Բայց միեւնույն ժամանակ, ըստ նրա, քոչարյանամետ որոշ ուժերի, ինչպես օրինակ` ԲՀԿ-ն է, նա կփորձի կաշկանդել եւ իր ունեցած կոմպրոմատների գործադրմամբ թույլ չտալ, որ իր դեմ գործեն: «Ես չեմ կարծում, որ այս ամենի արդյունքում նա ազատվելու է Մարտի 1-ի պատասխանատվությունից, քանի որ չցանկացավ առանձնանալ Ռոբերտ Քոչարյանից, հետեւաբար` այդ պատասխանատվությունը նրա գլխին միշտ կախված է լինելու: Դա հնարավորություն չի տալու նրան, որ նույնիսկ մեզ համար վատագույն սցենարի` մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունները պաշտոնավարելու դեպքում Սերժ Սարգսյանը մասնակցի եւ հաղթի այդ ընտրություններում: Մինչ 2013 թվականը մենք կհասնենք նրան, որ կունենանք Հայաստան` առանց Սերժ Սարգսյանի»,- վստահեցրեց ընդդիմադիր գործիչը: Այդ նպատակներին հասնելու մանրամասների մասին, ըստ Լ. Սարգսյանի, իրենք կխոսեն նոյեմբերի 25-ի հանրահավաքում:

http://www.armtimes.com/29276

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.