понедельник, 14 ноября 2011 г.

Արարատ Մկրտչյան. «Շուկայի 70 տոկոսը Սամվել Ալեքսանյանինն է»

n-10414-bԸստ առողջապահության նախկին նախարարի, Հայաստանում կեղծ եւ ժամկետանց դեղերի խնդիրը կոծկում են՝ օլիգարխների շահույթը չսահմանափակելու համար

Հոկտեմբերի 8-ին ԵԽ-ում ընդունվել էր «Մեդիկրիմ» հռչակագիրը՝ ընդդեմ կեղծ դեղամիջոցների եւ ոլորտում կեղծարարության: Հոկտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց ընդդեմ կեղծ դեղամիջոցների գիտաժողով, որտեղ ներկայացվեց «Մեդիկրիմը»: Այս պահին «Մեդիկրիմը» ստորագրել է 12 պետություն. Գերմանիա, Իսրայել, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Պորտուգալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Շվեյցարիա: Հռչակագիրը բաց է ստորագրման համար: Հայաստանը չի միացել այդ հռչակագրին, մինչդեռ, ըստ տեղեկությունների, Հայաստանում շատ կան լեհական արտադրության կեղծ դեղեր:

Ուրեմն պատահական չէ, որ Լեհաստանն էլ չի միացել «Մեդիկրիմին»: Մինչ «Առավոտը» փորձում էր պատկան պետական գերատեսչություններից պարզաբանումներ ստանալ, թե ինչո՞ւ մեր երկիրը չի միացել այդ հռչակագրին, արդյոք մեր շուկայում այդ խնդիրն առկա եւ արդիական չէ՞, դրա դեմ պայքարելու կարիք չկա՞, իսկ ԱԳՆ-ից եւ առողջապահության նախարարությունից պարզաբանում էին, որ դեռ ուսումնասիրում են իրավիճակը, որն, ըստ պետական գերատեսչությունների, խնդրահարույց չէ, որ հռչակագիրը բաց է ստորագրման համար, եթե անհրաժեշտություն լինի՝ կմիանան , Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանն այն երջանիկ երկրներից է, որտեղ կեղծ եւ ժամկետանց դեղերի խնդիր չկա: Ըստ նրա, դրանց շրջանառությունը Հայաստանում կազմում է շուկայի ընդամենը 1-2.5 տոկոսը: Նա նաեւ խոստացավ, որ բոլոր հիվանդանոցներում եւ դեղատներում Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միությունը՝ առողջապահության նախարարության հետ միասին այդ առիթով դիտարկումներ է իրականացնելու:

Թեեւ միությունը գործում է 2002 թվականից, բայց դիտարկումն իրականացնելու մասին որոշումը, չգիտես ինչու, կայացրել են միայն վերջերս: Մինչդեռ, մեր երկրում կեղծ եւ ժամկետանց դեղերի գոյության մասին մամուլը  ահազանգել է քանիցս: Իսկ 2011-ի հունվարի 11-ի «Խոստացավ՝ չարեց» հրապարակմամբ, «Առավոտը»,  մասնավորաբար, տեղեկացրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն, հենց այդ շուկան կարգի բերելու ցանկությունն էր, որը պատճառ դարձավ այդ ժամանակ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Դավիթ Հարությունյանի պաշտոնանկության:

Դավիթ Հարությունյանի հրաժարականից հետո լուրեր եղան, թե դեղ ներկրող յոթ խոշոր ընկերությունների դեմ ՏՄՊՊՀ կտրուկ քայլերից՝ նրանց հակամրցակցային պայմանավորվածության համար տուգանելու որոշում ընդունելուց հետո, Դավիթ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ եւ անգամ սպառնացել են զենքով: Արտակ Շաբոյանը եկավ, եւ հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Դավիթ Հարությունյանի օրոք ընդունված՝ դեղ ներկրողներին տուգանելու որոշումը:

Այժմ, պարզվում է, որ մեր երկիրն այդ առումով «երջանիկ է»՝ կեղծ եւ ժամկետանց դեղերի խնդիր չունենք: Մինչդեռ, ըստ առողջապահության նախկին նախարար, ՀԱԿ առողջապահական հանձնախմբի ղեկավար Արարատ Մկրտչյանի, Հայաստանն այդ համաձայնագրին չմիանալու մի քանի պատճառներ ունի, բայց այդ ցանկում ներկայացված «երջանիկ երկիր» հիմնավորումը տեղ չունի: Հիմնական պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ Հայաստան դեղամիջոցներ ներկրողներն իշխանությանը մոտ կանգնած օլիգարխներ են: «Շուկայի 70 տոկոսը Սամվել Ալեքսանյանն է մատակարարում: Կեղծ դեղերի փաստեր ՀՀ-ում բազմիցս են հայտնաբերվել եւ արձանագրվել, իսկ համաձայնագրին միանալով՝ երկիրն իր վրա որոշակի լրջագույն պարտավորություններ պետք է վերցնի՝ տարբեր երկրներից ներմուծվող կեղծ դեղերի համար: Այսինքն, նորմատիվային դաշտի խստացում, ըստ որոնց՝ պետք է միայն ճանաչված եւ լուրջ դեղագործական ֆիրմաների հետ պայմանագրեր կնքվեն: Այստեղ շահույթի խստագույնս անկում տեղի կունենա նշված օլիգարխների համար, եթե սկսեն պատշաճ պահպանել բոլոր կանոնները, ուստի, ինչպես միշտ Հայաստանն այս բնագավառում էլ խուսափողական տակտիկա է բանացնում, որ օլիգարխների հարստացման գործընթացները շարունակեն ընդլայնվել»,- ասաց Արարատ Մկրտչյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.