среда, 30 ноября 2011 г.

ՀԱԿ ներկայացուցիչ. ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ձերբակալություններով է պատժում եւ փորձում է ենթարկեցնել իրեն

11_203Վերջին օրերին թմրանյութեր պահելու կամ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով  արդեն իսկ ձերբակալվել կամ կալանավորվել են «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող 4 անձինք: Ձերբակալվածներից մեկը ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանն է, որը կասկածվում է թմրանյութեր պահելու մեջ: Այս զարգացումներին անդրադառնալով՝ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի, խոստովանել է, թե՝ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները նկատելի են դարձել՝ հավելելով, որ  դրանց վերաբերյալ կուսակցությունը վերջնական գնահատականներ կտա ավելի ուշ. թերեւս, հանդես կգա հայտարարությամբ:

Արդյոք իրադարձությունների նման զարգացումը պայմանավորվա՞ծ է ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի նկատմամբ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի բարեհաճությամբ, թե՞ դրանք բացառապես ներկոալիցիոն խմորումներ են՝ ուժերի չափման ինքնատիպ ձեւ: ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ նկատեց. «Ես չեմ բացառում, որ  այդ մարդիկ իսկապես զբաղվել են անօրինական գործունեությամբ՝ հե՛նց այն մեղադրանքի շրջանակներում, որոնք նրանց առաջադրվել են, բայց միանշանակորեն վստահ եմ, որ իշխանություններին դա հայտնի է դարձել ոչ վերջերս: Ես նաեւ վստահ եմ, որ ՀՀԿ-ի ակտիվը նույնպես  մեղքերից զերծ չէ եւ իրեն բազմաթիվ ապօրինություններ է թույլ տալիս, հակաօրինական գործունեություն է ծավալում՝ գուցե նաեւ թմրամիջոցների հետ կապված, բայց  մեր դժբախտությունն այն է, որ այդ ամենի վրա իշխանությունն աչք է փակում, քանի դեռ դա իշխանությունների շահերին դեմ չէ: Կոնկրետ դեպքում, կարծում եմ,  սրանք իշխանությունների համար  նոր բացահայտումներ չեն: Ուղղակի հիմա ԲՀԿ-ի համար եկել է «հատուցելու» ժամանակը, ինչպես իշխանությունն է կարծում՝ դավաճանության կամ թիմը լքելու փորձի համար՝ գործի դնելով պետական պատժիչ մեքենան: Սա այն է, ինչ ակնկալվում էր: Ցավոք, մեր իրավապահ մարմինների գործառույթը հիմա այն է, որ  ժամանակին հանցագործության վրա աչք փակի, որ հետո՝ անհրաժեշտ պահին, դա որպես կոմպրոմատ քաղաքական հակառակորդին դեմ տա»:

Այդուամենայնիվ, դա ՀԱԿ-ի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի բարեհաճությունը վայելելու համար ԲՀԿ-ի նկատմամբ սահմանված պատիժ է: «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը վախենում է երկու դեպքերից էլ, որովհետեւ եթե ԲՀԿ-ն լքի կոալիցիան, ապա Սերժ Սարգսյանը հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտում, այն էլ՝  ընտրական պրոցեսում, մեն-մենակ կհայտնվի եւ  իշխանությունը պահելու  որեւէ հնարավորություն չի ունենա: Այս իմաստով նա, իհարկե, անհանգստանալու առիթ ունի: Բայց ես անընդունելի եմ համարում այն մեթոդները, որով ՀՀԿ-ականները փորձում են քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներին իրենց ենթարկեցնել»,- հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը:

http://www.aravot.am/2011/11/30/12583/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.