среда, 30 ноября 2011 г.

Թե ինչպե՞ս է «բրոյլեր» հավիկը կտցահարել Հայրիկյանին

2-ej-Seyran-OhanyanyԳուրգեն Եղիազարյանը՝ Հայրիկյանի անցյալի եւ «գաղտնազերծման» օրենքի մասին

«Ես մեծ հաճույքով կընթերցեի մոռդովական ճամբարների բոլոր այն +սեքսոտների անունները, ովքեր մի տուփ պահածոյի համար շառով են տվել, սրիկայություններ են արել իրենց դրկիցների՝ նույն կալանավորների նկատմամբ: Բայց չեմ կարծում, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց նման շռայլություն թույլ կտան»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ հայտարարեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Ընդհանրապես, անդրադառնալով խորհրդային հատուկ ծառայության արխիվները գաղտնազերծելու «Ժառանգության» ներկայացրած օրենքի նախագծին մասնագիտական տեսանկյունից՝ պարոն Եղիազարյանն այն համոզման է հանգել, որ հիմա արեւմտյան տերություններին հետաքրքիր են այն գործակալները, ովքեր գործել են 1980-ականներին եւ դեռ այժմ էլ կարող են գործել.

«Հիմա, եթե մենք բացահայտում ենք արտաքին հետախուզության որեւէ երկրի ցանց, դա դոմինոյի էֆեկտով կբացահայտի շատ ուրիշ մանրուքներ էլ»: Մինչդեռ արտաքին հետախուզության եւ հակահետախուզության հետ աշխատող գործակալներին նա համարում է ազնիվ մարդիկ, ովքեր ծառայել են իրենց հայրենիքին. «Այդ գործակալական ցանցից մնացել են մարդիկ, ովքեր այսօր էլ արդեն ծառայում են ՀՀ-ին: Պետությունը երկրի սահմաններն են, էթնոսը եւ հետախուզությունը: Եթե չկա հետախուզություն, դա պետություն լինել չի կարող: Արտաքին հետախուզության եւ հակահետախուզության գործակալներն այն մարդիկ են, ովքեր ծառայել են իրենց հայրենիքին: Այստեղ խնդիրը սոցիալիզմի եւ կապիտալիզմի մեջ չէ, այլ պետական կարեւորագույն ապարատին՝ անվտանգությանը դիպչելն է: Սրանով առաջին հարվածը կրում է ԱԱԾ համակարգը, իսկ երբ խոցելի է անվտանգության համակարգը՝ խոցելի է դառնում պետականությունը»:

Այն, որ գաղտնազերծման մասին օրենքը ընդունվեց նախկին խորհրդային ճամբարի ինը երկրներում, այդ թվում նաեւ մեր հարեւան Վրաստանում, Գուրգեն Եղիազարյանը բնական է համարում, մանավանդ, որ այդ երկրները բոլորն էլ ԵՄ անդամներ են, իսկ Վրաստանն անդամության շեմին է. «Ցանկացած արեւմտյան տերության հատուկ ծառայություններին օդի եւ ջրի պես անհրաժեշտ էր այն գործակալական ցանցը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել էր Եվրոպայում: Այդ գործակալների բացահայտման ամենակարճ ճանապարհը նման օրենքի գոյությունն էր, այն էլ այնպիսի դրույթներով, որ մինչեւ վերջին մարդը բացահայտվի: Արեւմուտքին իսկապես անհրաժեշտ էր եւ իրենց համար գերխնդիր էր դարձել սոցլագերում գործող գործակալական ցանցից ազատվելը»: Ու «Ժառանգության» ներկայացրած նախագծում մեր զրուցակցին «անհասկանալի» են արտաքին հետախուզության եւ հակահետախուզության գործակալների ցանցի բացահայտման դրույթները, նույնիսկ՝ կասկածելի. «Խոսքն այն գործակալների մասին է, ովքեր աշխատել են դրսում՝ նույն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆեդերատիվ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլոց դեմ՝ այդ երկրների ներսում: Համաձայնեք, որ այն գործակալները, ովքեր լուծել են այդ խնդիրները, ոչ մի կապ չեն կարող ունենալ 30-ականների ռեպրեսիաների հետ, երբ, ինչպես որոշ չկայացած գործիչներ նշում են, հազարավոր մարդիկ ուղարկվել են համակենտրոնացման ճամբարներ: Արտաքին հետախուզության եւ հակահետախուզության գործակալները ազնիվ մարդիկ են, հիմնականում աշխատել են Հայաստանի համար, որը սովետական սոցիալիստական հանրապետություն էր: Այդ մարդիկ աշխատել են մի երկրի համար, որը իրենց հայրենիքն էր, նրանք այսօր էլ հաճույքով կաշխատեն իրենց հայրենիքի՝ ՀՀ-ի համար: Ո՞րն է նրանց անունները ցուցակներով տպելու տրամաբանությունը: Այդ անելով՝ մենք ուղղակի միջամտում ենք մարդկանց ճակատագրերին, վտանգում ենք նրանց բարեկամական, հարազատական կապերը եւ թուլացնում ենք մեր հայրենիքը: Նայեք Ֆրանսիայի սահմանը, Չեխիայի սահմանը՝ Եվրոպայի սրտում, Գերմանիայի սահմանը եւ մյուսներինը. նրանցից որեւէ մեկն իր սահմանների արեւելքում եւ արեւմուտքում ոխերիմ թշնամի թուրք չունի քթի տակ: Իսկ մենք շրջապատված ենք թուրքերով, եւ դեռ պատերազմն էլ ավարտված չէ: Եթե մենք հրապարակում ենք այդ ցուցակները, մեր ազգային անվտանգությանը 20-30 տարի զրկում ենք նոր գործակալներ ձեռք բերելու հնարավորությունից: Իսկ առանց գործակալական ցանցի չկա հետախուզություն, չկա հակահետախուզություն»: 1930-ականների գործակալական ցանցի բացահայտումն էլ նախկին պաշտոնյան աբսուրդ է համարում. «Նրանց 99,9 տոկոսն արդեն մահացել է: Եթե մի քանի հոգի դեռ ողջ են, ապա նրանք 90-100 տարեկան եւ ավելի են եւ խորը մառազմի վիճակում են»:

Նախագծում կա նաեւ դրույթ, համաձայն որի՝ հետագայում պետք է բացահայտեն այսօր պետական մարմիններում պաշտոններ զբաղեցնող գործակալներին: Այդ առիթով մեր զրուցակիցը կարծում է, որ պետք է ուսումնասիրություն արվի՝ ովքեր են հավատարմորեն ծառայել թեկուզ այն ռեժիմին, բայց նպատակ ունենալով օգնել Հայաստանին, եւ այդ մարդիկ հարգանքի են արժանի. «Իհարկե, եղել են մարդիկ, ովքեր գաղափարին են ծառայել: Դա, կարծում եմ, պետք է թողնել ազգային անվտանգության համակարգին, թող անվտանգությունն ինքը որոշի՝ որ գործակալի հետ աշխատի, որի հետ՝ ոչ, թող իրենք որոշեն գործակալների պիտանելիության աստիճանը: Եթե նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր այն ռեժիմի ժամանակ հանցագործություններ, ստորություններ են արել, մարդկանց ճակատագրեր են կործանել՝ ոչ ոք չի բռնել պատկան մարմինների ձեռքը: Դրա համար լյուստրացիայի մասին օրենք պետք չէ»:

Ի դեպ, վերջերս հեռուստաելույթներից մեկի ժամանակ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, թե՝ Գուրգեն Եղիազարյանը «դեմ» է գաղտնազերծման մասին օրենքին, ասել էր, որ նման մարդու ինքը չի ճանաչում: «Առավոտի» հարցին՝ իսկապե՞ս Եղիազարյանն ու Հայրիկյանը միմյանց չեն ճանաչում, ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպան հակադարձեց. «Հայրիկյա՞ն… հա նման մեկին հիշում եմ՝ տոգորված ազատ-անկախ Հայաստանով, անկախության վեհ գաղափարներով: Բայց իմ կարծիքով՝ նրա քաղաքական կարիերան վերջացավ այն պահին, երբ նա մի ամերիկացու հետ սեփականաշնորհեց Բարձրաշենի թռչնաբուծական ձեռնարկությունը: Իր կողմից նզովված կոմունիստները մի հսկայական թռչնաբուծարան էին ստեղծել, որը մոտ 3 միլիոն թեւ թռչուն էր մատակարարում Երեւան քաղաքին՝ սնունդ ապահովելով, մի 200 հոգի մարդ էլ Բարձրաշենում աշխատանք ունեին: Այսօր ֆաբրիկան հիմնահատակ քանդված է, ավերված է: Դե, ինչ ասեմ, «բրոյլեր» տեսակի սպիտակ-թմբլիկ հավիկը կտցահարեց եւ Հայրիկյանի գլխից հանեց անկախության վեհ գաղափարը: Ի դեպ, այդ մարդու անվան հետ կապված այլ հետաքրքիր պատմություններ էլ կան՝ կովաբուծական ֆերմայի եւ Լաչինի անմեղ զոհերի մասին. մի առիթով կխոսեմ դրանց մասին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.