четверг, 24 ноября 2011 г.

Ամանորը չի խոչընդոտի իշխանափոխությանը

126330460276Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը վերջերս հայտարարեց, թե Կոնգրեսն այս հանրահավաքին ներկայացնելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի հռչակագիր: Ի՞նչ հռչակագրի մասին է խոսքը:
- Արտահերթ ընտրություններ անցկացնելու վիճակն, իրոք, հասունացած է: Շատերի մոտ տպավորություն է, թե Կոնգրեսը գնում է հերթական ընտրությունների: Սակայն հերքեմ` նման տրամադրություններ Կոնգրեսում բացակայում են: Նման տրամադրություններ երբեք չեն եղել, ու մենք հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք` նրա հրաժարականին հասնելու համար: Այժմ մեր գործողությունները միտված են այդ հրաժարականին հասնելու:

Ընդ որում, դրա համար կան բավական լուրջ նախադրյալներ. օր օրի ծանրանում է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ Կոնգրեսը նպաստելու է այդ իրավիճակն ու դրա պատճառները վերհանելուն, բացի այդ` ներիշխանական ճամբարում է լուրջ անվստահություն: Ավելին, եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ շարքային Նիկոյանին, որն իշխանական համակարգում նույնիսկ 20-յակի մեջ չի մտնում, դարձնում է երկրի երկրորդ դեմք, ապա կարելի է կռահել իշխանության ներսում եղած ճգնաժամի մասին:
Ինչ վերաբերում է Կոնգրեսի հռչակագրին, սա վերաբերելու է Ս.Սարգսյանի հրաժարականին հասնելու մեխանիզմներին: Ես վստահ եմ` սա լինելու է լուրջ փաստաթուղթ: Սակայն ինչ փաստաթուղթ էլ ընդունենք, միեւնույն է, դրա իրականացման համար անհրաժեշտ է հասարակության մասնակցությունը: Եթե հասարակությունը չի մասնակցում առաջիկա զարգացումներին, ապա փաստաթղթերը սոսկ դեկլարատիվ բնույթ են կրում:
- Եվ հիմա հասարակությունը պատրա՞ստ է արդյոք գնալ այդ փաստաթղթի հետեւից, թե հասարակության մոտ անտարբերություն, ապատիա կա: Դրան գումարած գալիք ամանօրյա տոները:
- Երբ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը օր օրի ծանրանում է, ոչ մի ամանոր, ոչ մի ձմռան ցուրտ, ոչ մի ամռան շոգ չի կարող մարդուն կաշկանդել. Հացի խնդիրը շատ ավելի կարեւոր է դառնում, քան ամանորն ու ձմռան ցուրտը: Հիշենք Հովհաննես Թումանյանին, որն ասում էր. «ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Հիմա իրենց պես չենք ապրում, բայց եթե նրանք հաց ու պանիր ունեին ուտելու, հիմա շարքային քաղաքացու համար պանիրը շքեղություն է: Այսինքն` օր օրի մարդը շատ վատ է ապրում եւ կախված դառնում ներքաղաքական զարգացումներից: Այնպես որ, ժողովուրդն ամեն ինչ կանի օր առաջ ազատվելու ապօրինի, կրիմինալ վարչախմբից: Ես կարծում եմ` ժողովրդին երբեք չպետք է թույլ տալ` ընկնելու ապատիայի մեջ: Ու եթե մարդը դժգոհություն ունի, չպետք է դա արտահայտի բազմոցին նստած, այլ պետք է դա անի` դուրս գալով փողոց, այն քաղաքական ուժի հետ, որը պաշտպանում է նրանց շահերը:
- Եթե մինչեւ խորհրդարանական ընտրությունները Կոնգրեսին չհաջողվի հասնել արտահերթ ընտրությունների, ապա հերթական ընտրությունների ժամանակ ի՞նչ եք անելու:
- Ես չեմ ուզում բացարձակապես մտածել հերթական ընտրությունների մասին: Առջեւում բավական ժամանակ ունենք, եւ մենք կարծում եմ, կհասնենք արտահերթ ընտրությունների: Մինչեւ հերթական ընտրությունները, կարծում եմ, կլինեն արտահերթ նախագահական ընտրություններ: Եթե ինչ-որ պատճառով (իսկ դա կարող է լինել ժողովրդի պասիվությունը), իրավիճակը չնպաստի նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման համար, ապա խորհրդարանական ընտրությունները պետք է ծառայեցնենք արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը. պետք է մոբիլիզացնենք հասարակությանը, ցասման ալիք բարձրացնենք: Իսկ այդ ալիքը կլինի միանշանակ. Մենք գիտենք մեր երկրի ընտրական «մշակույթը»: Եվ կան բոլոր նախադրյալները` մտածելու, որ նրանք հերթական անգամ պատրաստվում են կեղծել ընտրությունները:
- Բայց իշխանությունները բոլորովին այլ բան են պնդում, մասնավորապես` ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրությունների մասին:
- Իրենք շատ բան կարող են ասել: Բայց նաեւ գիտակցում են, որ հատկապես ՀՀԿ-ն չունի ժողովրդի քվեն: Անգամ ողջ պետական, վարչական ռեսուրսները ծառայեցնելու դեպքում 5 տոկոս չեն կարող հավաքել: Եթե ԿԸՀ նախագահ Մուկուչյանը պնդում է, որ ցուցակները մաքուր են, եթե ասում է, որ 500 հազար ավել մարդու խնդիր չկա, նշանակում է` իրենք կոծկում են այդ փաստը` պատրաստվելով կեղծել ընտրությունները: Այլապես` ե՞րբ հասցրեց Մուկուչյանը մաքրել ցուցակները, եթե ընտրողների թիվը մնում է նույնը, եւ Կոնգրեսի ահազանգած 500 հազար չեղած մարդիկ շարունակում են մնալ ցուցակում: Վստահ եմ` կփորձեն կեղծել ընտրությունները, բայց դա նրանց չի հաջողվի, քանի որ մինչ այդ տեղի ունեցած կլինեն արտահերթ ընտրությունները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.