вторник, 8 ноября 2011 г.

«Ալիկի տեղը Մարգարի խուցն էր»

p1Հարցազրույց ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ
- Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանի իրար հաջորդած պաշտոնանկությունները:
- Ես ուղղակի զարմանք եմ ապրում ԵՄ անհեռատեսության վրա: Եթե Եվրոպայում մարդիկ մի քիչ աչալուրջ լինեին, ապա երկու շաբաթ անընդհատ չէին քննարկի Հունաստանի ճգնաժամը, չէին քննարկի հանրաքվե անցկացնելու հարցը: Երկու շաբաթ շարունակ նրանք մտավախություն ունեին, որ եթե ժողովուրդը հանրաքվեն մերժեր` «ոչ» ասելով, Եվրոպան կանգնելու էր լուրջ ճգնաժամի առջեւ: Մինչդեռ, այդքան երկար քննարկումների փոխարեն պետք է ՀՀ-ից հրավիրեին ցանկացած ՀՀԿ-ականի, մեկ միջին օլիգարխի, երկու թմրամոլի, ու որպես դիտորդ՝ պարոն Պրեսկոտին: Այդքանից հետո Հունաստանում հանրաքվեի համար 99,9 տոկոս արդյունք կգրանցվեր: Այնպես որ, 2 շաբաթ շարունակ բանավեճերը այնտեղ անիմաստ էին: Այս ամենն՝ ի միջիայլոց: Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա ՀՀ-ում ընտրությունների ելքը իշխանությունները կարող են կանխորոշել մեկ ժամ առաջ: Վերջին նախագահական ընտրություններում ամեն ինչ կանխորոշվեց ընտրատեղամասերը փակելուց 3 ժամ առաջ:

Այնպես որ, հիմա ընտրություններից վեց ամիս առաջ շտաբ ստեղծել, դրա համար ԱԺ նախագահն էլ հրաժարական տա, առնվազն ծիծաղելի է:
- Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում այս ամենը՝ Հովիկ Աբրահամյանն ու Միքայել Մինասյանը հրաժարական տվեցին նախընտրական շտաբը գլխավորելու համար:
- Այսպես Սերժ Սարգսյանը մեկ գնդակով երկու նապաստակ է փորձում խփել: Սերժ Սարգսյանն այսօր առավել քան խնդիր ունի ապահովելու թիկունքը: Պատճառը պարզ է. Ս. Սարգսյանն առաջիկայում ստիպված է լինելու ՀՀ համար բախտորոշ որոշում կայացնել. խոսքը Արցախի հիմնախնդրի մասին է: Այդ ժամանակ նրա դիմաց մենք ենք կանգնած, ուստի թիկունքում պետք է հարյուր տոկոսանոց վստահություն ունենա, որ գոնե այնտեղ ապահով զգա: Ինչ վերաբերում է երկրորդ պատճառին, ապա այսպես միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, թե ինչ երկիր է Հայաստանը, որ Աժ նախագահը ստիպված է հրաժարական տալ` շտաբը գլխավորելու համար, քանի որ ՀՀԿ-ն «թիմային լուրջ աշխատանք պիտի տանի ու գա իշխանության»: Բոլորը գիտեն, որ ազատ ու արդար ընտրությունների դեպքում վեց ամիս, վեց տարի, թե վեց դար առաջ անգամ շտաբի պետ նշանակելով նրանք ընտրվելու որեւէ շանս չունեն ու ստիպված են նորից կեղծել: Ժողովուրդն ինքն էլ է տեսնում, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն առաջին կետից մինչեւ վերջինը չի կատարվել, ՀՀԿ դեմքը մեր միջին քաղաքացու կենցաղն է: Նույն այս տրամաբանության մեջ եմ նայում նաեւ փեսայի հրաժարականին: Երբ մենք խոսում ենք կլանի մասին, ինքն էլ փորձում է աշխարհին ցույց տալ, թե իշխանությունը կլանային չէ եւ նախապես փեսային պաշտոնանկ է անում: Մյուս կողմից, նաեւ փորձում է վերջ տալ խոսակցություններին, թե ինքն ազատվում է Հովիկ Աբրահամյանից: Թեեւ հասկանալի է, որ փեսային տանում է շտաբ նաեւ Հովիկ Աբրահամյանին վերահսկելու համար: Այսինքն` շտաբի իրական պետը լինելու է փեսան, Հովիկ Աբրահամյանը հայտնվելու է լուսանցքում:
- Իսկ ի՞նչ կասեք մյուս հրաժարականների, մասնավորապես՝ ոստիկանապետի պաշտոնանկության մասին:
- Այդ պաշտոնանկությունը երգիծանքի ոլորտից է: Ս.Սարգսյանն առանց հաշվետու լինելու, միանգամից ազատում է ոստիկանապետին, տանում իրեն խորհրդական: Եվ սա այն դեպքում, երբ այդ մարդու գլխավորած գերատեսության ստորաբաժանումներից միայն մեկը միլիոնավոր դոլարներ է թալանել ՀՀ պետբյուջեից, ՀՀ քաղաքացուց, հսկայական կաշառքի մեղադրանք է ներկայացված գեներալներից մեկին:
- Եթե ոստիկանությունում նման բաներ էին կատարվում, ինչո՞ւ Սարգսյանն ավելի շուտ պաշտոնանկ չարեց ոստիկանապետին:
- Այս ռեժիմը ցանկացած իշխանավորի թույլ է տալիս, որ կեղտոտվի: Իսկ դրանից հետո իշխանավորն այլեւս հետդարձի ճանապարհ չունի: Ասածիս ապացույցը նույն Ալիկ Սարգսյանի հարցազրույցն էր, երբ նա ասաց, թե Սերժ Սարգսյանն այլեւս ուրիշ պայմաններ է դնում: Իսկ ուզում եմ իմանալ՝ մինչ այդ Ս.Սարգսյանը պայման էր դրել, որ թալանե՞ք ժողովրդին:
- Այդ դեպքում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Ալիկ Սարգսյանին տարավ իրեն խորհրդական:
- Նա այդպես մյուսներին ցույց է տալիս, որ պատվեր կատարողներին ընդհանրապես չի գցում: Այս տեղաշարժն ընդամենը միտված էր մյուսներին ասելու, որ ինքը յուրայիններին չի շպրտում: Չնայած՝ ես բազմիցս ասել եմ, որ Ալիկ Սարգսյանի տեղն ուղիղ Մարգար Օհանյանի խուցն է: Եթե երեք տարի շարունակ Մարգար Օհանյանը Ալիկ Սարգսյանի քթի տակ թալանել է մեր հայրենիքը, ապա ոստիկանապետ կոչվածը պետք է բացահայտեր ու թույլ չտար այս ամենը: Կարող է Մարգար Օհանյանը 1 օր թալանել, 2 օր, լավ, ասենք` 10 օր…. Բայց 11-րդ օրը Օհանյանը պետք է կալանավորվեր արդեն: Եթե Մարգար Օհանյանը 3 տարի շարունակ թալանել է, ապա Ալիկ Սարգսյանն ով է եղել այնտեղ՝ ոստիկանությունում. կամ նա մասնակից է եղել թալանին, ուստի՝ պետք է ձերբակալվի, կամ՝ անտեղյակ մարդ: Եթե սա այդքան անտեղյակ է, ապա Սերժ Սարգսյանին, հետաքրքիր է, անտեղյակն ի՞նչ խորհուրդներ պիտի տա:
- Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն, օրինակ, այս ամենը համարում է իշխանական ճամբարի ներսում պատերազմ:
- Եթե ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի ապահովել թիկունքը, ուրեմն՝ նրանք լրջագույնս մտածում են, որ ԲՀԿ-ն երկակի խաղ է խաղում, չեն վստահում ԲՀԿ-ին: Մենք բազմիցս ասել ենք նեխած բուրգի քանդման մասին: Սերժ Սարգսյանն այս քայլերի կեսին գնացել է ստիպված, ուրիշ ելք չունենալով, այլապես՝ նա երբեք փտած համակարգին ձեռք չէր տա:
- Իսկ կառավարությունում կլինե՞ն նոր պաշտոնանկություններ, այսքանից հետո հնարավո՞ր է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, թե նա պնդացրել է իր տեղը:
- Մեր կառավարության, մեր իշխանական այս համակարգի համար ես վարչապետության երկու լավ թեկնածու ունեմ՝ արդեն ՀՀԿ-ի Գեւորիկը, կամ՝ Բազարի Վարազը: Վստահ եմ՝ Գեւորիկը կամ Բազարի Վարազը երբեք իրենց թույլ չէին տա ՀՀ 15 տոննա ոսկու զանգվածը վերածել թղթի, ինչից հետո ոսկին համաշխարհային շուկայում 5 անգամ թանկացավ: Իսկ Տիգրան Սարգսյանը պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, նման գործարքից հետո առաջխաղացում ունեցավ` դառնալով վարչապետ: Այսքանից հետո մենք խոսում ենք սոված մանուկների ու անօգնական ծերունիների մասին. սա է մեր իրականությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.