четверг, 12 января 2012 г.

Տեր-Պետրոսյանը կգլխավորի՞ ցուցակը

18.02.11_299162_nՀարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ

- Տիկին Սարգսյան, արդեն գրեթե 4 ամիս է մնացել ԱԺ ընտրություններին: Հայ ազգային կոնգրեսը որոշե՞լ է` ինչպես է մասնակցելու դրանց:
- Նախ պիտի ասեմ, որ Հայ ազգային կոնգրեսն ակնկալում է, որ մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները` փետրվարին մեծ հանրահավաքային գործընթաց է սկսվելու, որին ժողովրդի ակտիվ մասնակցությունը երկրում ինչ-որ բան փոխելու է: Կարծում եմ, այդ ակտիվության արդյունքում մենք կարողանալու ենք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Դա մեր առաջնային խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է հերթական ընտրություններին, բնականաբար պիտի մասնակցենք, պիտի ակտիվ քարոզչական աշխատանք տանենք ժողովրդին ակտիվացնելու համար: Չնայած` բոլոր այն պրոբլեմները, որ կան մեր երկրում, եւ որոնք անելանելի են դարձրել մեր ժողովրդի ապրելը Հայաստանում, դրանք արդեն իսկ բավարար են, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ պետք է դուրս գա պայքարի եւ հասնի արտահերթ ընտրությունների: Մյուս կողմից հերթական անգամ ընտրությունների կեղծումը իշխանության համար մահախոսական է դառնալու, որովհետեւ դրա արդյունքում մենք ունենալու ենք ժողովրդի ավելի ըմբոստ հատված, եւ այնպիսի ալիք է բարձրանալու, որ գերազանցելու է 2008-ի ալիքը: Մենք միշտ ասել ենք` վիճակն անտանելի է, բայց կարողացել ենք ձգել: Հիմա դա անհնար է: Այնպես որ, կարծում եմ, մինչեւ մայիս ընդդիմությունը շատ մեծ անելիքներ ունի: Ակնկալում եմ, որ մյուս քաղաքական ուժերն էլ, գիտակցելով, որ մայիսից հետո ոչնչանալու են որպես քաղաքական ուժեր, պիտի գոնե ինքնապաշտպանության բնազդից ելնելով համախմբվեն, որովհետեւ այս ռեժիմի դեմ համախմբված ընդդիմությամբ պետք է պայքարել:

- Ձեր կարծիքով, այդպիսի համախմբում տեղի կունենա՞: Հնարավո՞ր է ընտրություններին ընդառաջ այլ ուժեր միանան Կոնգրեսին, կամ` հակառակը:
- Չեմ կարծում, որ որեւէ ուժի հետ միասնական ցուցակ կկազմենք, բայց կարծում եմ, որ բազմաթիվ հարցերում կարող ենք համագործակցել, թեկուզ այնպես, ինչպես «Ժառանգության» եւ Դաշնակցության հետ, որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին ԱԺ-ում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման հարց բարձրացնել: Վստահ չեմ, որ Ազգային ժողովն այսօր պատրաստ է այդ քայլին գնալ, քանի որ վերարտադրվելու խնդիր ունեն: Բայց չփորձել չի կարելի: Կան բազմաթիվ այդ կարգի հարցեր, որոնց շուրջ կարող ենք համախմբվել: Ընտրությունների օրը այդ նույն ուժերը, ինչպես Կոնգրեսը, շահագրգիռ են լինելու իրենց ձայների պահպանման համար: Հետեւաբար, եթե միասին ենք վերահսկում, մեզ ավելի մեծ հնարավորություն է տրվում ժողովրդի ձայնը տեղ հասցնել: Այնպես որ, տարբեր հարցերի շուրջ տարբեր քաղաքական ուժեր կարող են միավորվել:

- Հաշվի առնելով, որ եւ հերթական, եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում համամասնական ցուցակի կազմումն անխուսափելի է, կարո՞ղ եք ասել, թե ինչպես է այդ հարցը լուծելու Կոնգրեսը, որ 18 կուսակցություն է ներառում իր մեջ:
- Ես վստահ եմ մի բանում, որ մենք համատեղ ուժերով ճիշտ որոշումներ կկայացնենք, եւ ցուցակը կկազմվի այնպես, որ բոլոր քաղաքական ուժերը գոհ կմնան դրանից: Մենք այդ մասին դեռ չենք խոսել, վաղ ենք համարում, եւ ընդհանրապես չեմ կարծում, որ այսօր էական է` ով կմտնի Ազգային ժողով, քանի որ մեր առաջնային խնդիրը օրինակարգ իշխանության հաստատումն է, եւ մենք միավորվել ենք այդ խնդրի շուրջ: Համամասնական ցուցակի խնդիրը այդքան էլ էական չէ այս պահին, եւ եթե հասնի էլ այդ պահը, չեմ կարծում` որեւէ կուսակցության լիդեր ինչ-որ խնդիր ունենա, քանի որ Կոնգրեսում կան անհատներ, որոնք որեւէ կուսակցության լիդեր չեն, բայց մի ամբողջ կուսակցություն արժեն: Բոլորը պետք է հասկանան, որ ԱԺ ընտրությունները միջոց են` նորից Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար: Ցուցակի մասով չեմ կարծում, որ Կոնգրեսն անհանգստանալու խնդիր ունի, հատկապես որ պոտենցիալը շատ մեծ է, եւ մի ամբողջ ԱԺ կարող է լրացնել հենց Հայ ազգային կոնգրեսի կադրային բազան:

- Ըստ ձեզ, ո՞վ կգլխավորի Կոնգրեսի համամասնական ցուցակը, եւ ովքե՞ր կլինեն առաջին հնգյակում:
- Ես շատ ուրախ կլինեի եւ ավելի քան վստահ եմ, որ ցուցակի առաջին անդամը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նրա շուրջն է համախմբվել ընդդիմադիր դաշտը, եւ նրանով է պայմանավորված մեր քվեարկողների ակտիվությունը: Իսկ մյուս անդամների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ ցուցակը չի քննարկվել, իսկ ես չեմ ուզում գուշակել:

- Ի՞նչ եք կարծում, խորհրդարան անցնելուց հետո Տեր-Պետրոսյանը կաշխատի՞ այնտեղ:
- Վաղաժամ եմ համարում նման կարծիք հայտնելը, բայց ես կարծում եմ, որ եթե մենք խորհրդարանում ունենանք 50+1 տոկոս, ապա շատ ուրախ կլինենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես 90-ականներին սկսեց, գլխավորի Ազգային ժողովը: Իսկ հետո, Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելուց հետո նա կդառնա երկրի նախագահը:

- Եթե Կոնգրեսին, «ժառանգությանը», Դաշնակցությանը եւ այլ ուժերի չհաջողվի մինչ առաջիկա ԱԺ ընտրությունները հասնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ապա Կոնգրեսը կառաջադրի՞ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ:
- Եթե մեզ` «ժառանգության», Դաշնակցության հետ համատեղ չհաջողվի այդ խնդիրը լուծել, ապա բնականաբար պետք է օգտագործենք հնարավորությունը եւ օլիգարխներին ու կրիմինալին այլընտրանք, հակակշիռ առաջադրենք ժողովրդի կողմից հարգված ու իրական հեղինակություն վայելող մարդկանց: Պետք է ամեն գնով պայքարենք, որ կանխվի կրիմինալի մուտքը Ազգային ժողով:

- Տիկին Սարգսյան, ձեր կարծիքով, հիմա Հայաստանում ինչպիսի՞ ներքաղաքական իրավիճակ է` ընտրակա՞ն, հեղափոխակա՞ն...
- Ես կասեի` հետամանորյա շոկային վիճակ է, երբ մարդիկ փորձել են պարտք անելով, վարկ վերցնելով, ապառիկով ապրանք վերցնելով իրենց երեխաների աչքը գոհացնել, իսկ այսօր դատարկ գրպաններով են մնացել: Կարծում եմ, Հայաստանի նման երկրում, երբ 30 տոկոս աղքատություն է, դեռ մի 15 օր ժողովուրդը էդ շոկից դուրս չի գա: Այդ շոկը հաղթահարելուց հետո, երբ մարդիկ կսկսեն մտածել, թե ինչպես են ապրելու մինչեւ ամսվա վերջ, կգիտակցեն, որ պետք է պայքարի դուրս գալ եւ ազատվել այն իշխանությունից, որը նրանց այդ վիճակին է հասցրել, որը չի ծառայում ժողովրդին: Ցավոք, այդ շոկը շատերին նորից ստիպելու է լքել երկիրը: Իսկ դա արդեն մասսայական է դառնում: Շոկային վիճակը նաեւ քաղաքականությանն է վերաբերում: Իշխանությունն էլ պետք է դուրս գա քեֆ-ուրախությունից:

Սյուզաննա Պողոսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.