четверг, 12 января 2012 г.

ՕԷԿ-ը հյութեր է բաժանում, ԲՀԿ-ական Քուշկյանը՝ բարեգործություն է անում


ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, իշխանությունները տրամադրված չեն արդար ընտրություններ անցկացնել. «Եթե այդպիսի տրամադրություններ ունենար, ապա ժամանակից շուտ չէր սկսի քարոզարշավը, որոնք արտահայտվում են մարզերում փոքրիկ նվիրատվություններ անելով: Չորս տարվա լռությունից հետո սկսում են մարդկանց մեկ շիշ հյութ նվիրելով… ՕԵԿ-ի օրինակն եմ ասում»: Տիկին Սարգսյանի խոսքերով, քարոզարշավը սկսել են նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն. «Նույն ԲՀԿ-ական առողջապահության նախարարը, որը տարիներ շարունակ կարող էր առողջապահական ծրագրեր իրականացնել ու ուներ դրա ոչ միայն հնարավորությունը, այլեւ պարտավորությունը՝ դա սկսել է անել միայն հիմա՝ ընտրությունների նախաշեմին: Դե ՀՀԿ-ն էլ դրոշներն առած համայնքից համայնք է գնում»:


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ նախ զարմացավ, որ նույնիսկ ամանորի միջոցառումների ժամանակ ձմեռ պապերը ՀՀԿ-ի դրոշները ձեռքներին քարոզարշավ էին անում, հետո էլ հավելեց. «Մեր կուսակցությունը այն բացառիկ կուսակցություններից է, որը ոչ միայն նախընտրական շրջանում, այլ բազմաբնույթ միջոցառումներ է անցկացնում մշտապես, ու բնական է, որ կուսակցության լոգոտիպերն էլ պետք է երեւան»: ՀՀԿ պատգամավորի խոսքերով, համենայնդեպս, ՀՀԿ-ի համար գերխնդիրը շատ ձայներ հավաքելը չէ, այլ արդար ընտրություններ ապահովելը. «Ու կարեւոր չէ, ԱԺ ընտրությունները կանցնեն մեծամասնական թե՞ համամասնական ընտրակարգով»:

Տիկին Աճեմյանի կարծիքին՝ թե մեծամասնական ընտրակարգը քննադատում են միայն մարզերում ռեսուրսների պակաս ունեցող ընդդիմադիր կուսակցությունները, ՀԱԿ ներկայացուցիչը հակադարձեց. «Հանրապետական կուսակցությունն ու կոալիցիան են մտահոգված՝ միասնական, թե առանձին գնան ընտրություններին: Մեզ մոտ դա լուրջ խնդիր չի առաջացնում: Ինչ վերաբերում է, ռեսուրսների պակասին, ապա ՀԱԿ կազմով կարող ենք ձեւավորել մի ամբողջ ազգային ժողով ու որակապես շատ ավելի բարձր ժողով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.